01/17/2026

Արցախի կառավարությունն ու «ԱՐԻ» հիմնադրամը ստորագրել են վերաբնակեցման գոտում 25 տան կառուցման մասին համաձայնագրեր

Արցախի կառավարությունն ու «ԱՐԻ» հիմնադրամը ստորագրել են վերաբնակեցման գոտում 25 տան կառուցման մասին համաձայնագրեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 18-ին՝ Լիբանանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Արցախի կառավարության անունից երկու համաձայնագիր է ստորագրել «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» («Artsakh Roots Investment – ARI»)» ներդրումային հիմնադրամի հետ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում («Արիավան» թաղամաս) տասը և Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում («Սիդնեյ» թաղամաս) տասնհինգ տներ կառուցելու մասին։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «ԱՐԻ»-ի կողմից համաձայնագրերը ստորագրել է հիմնադրամի նախագահ Սուրեն Սարգսյանը։ Համաձայնագրերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել «ԱՐԻ»-ի բաժնետերերի իններորդ ընդհանուր ժողովի ժամանակ։

Համաձայնագրերի ստորագրումից հետո ունեցած ելույթում պետնախարար Գ․ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ վերահաստատելով, որ Արցախի Հանրապետության համար մեծ նշանակություն ունեն սփյուռքի կողմից նախաձեռնված և իրագործվող ծրագրերը, որոնք խարսխված են տևական գործակցության և երկարաժամկետ փոխշահավետության հիմքերի վրա։ Անդրադառնալով ստորագրված համաձայնագրերի առարկային՝ պետնախարարը հիշատակել է, որ սրանով Աղավնոյում ազդարարվում է «ԱՐԻ»-ի հետ համատեղ բնակարանաշինության ծրագրի երկրորդ փուլը, իսկ Շահումյան-Քարվաճառում մեկնարկն է տրվում «ԱՐԻ»-ի մուտքին։ Խոսելով Աղավնոյում բնակարանաշինության ծրագրի առաջին փուլի մասին, որի ժամանակ կառուցվել էին հիսուն տներ՝ Գ․ Մարտիրոսյանը խիստ կարևորել է Արցախում վերաբնակեցման գործընթացը և այդ նպատակով վերաբնակեցման շրջաններում պատերազմի հետևանքով քայքայված բնակֆոնդի վերականգնման աշխատանքները։

Իր խոսքում Գ․ Մարտիրոսյանը շեշտել է, որ Արցախի քաղաքացիների իրավունքների ու ազատությունների լիակատար պահպանումը, ֆինանսա-տնտեսական զարգացման պայմանների ապահովումը, անկախ հակամարտության շարունակության պարագայից, պետության համար հանդիսանում են կարևոր առաջնահերթություն ու գործառնական կողմնորոշիչ։

Հանդիսավոր ելույթից հետո Գ․ Մարտիրոսյանը աշխատանքային պրեզենտացիա է ներկայացրել Արցախի Հանրապետության տնտեսական ներկայիս կացության, համապատասխան ցուցանիշների, ինչպես նաև այս ասպարեզում կառավարության տեսլականի և ծրագրերի մասին։

«ԱՐԻ»-ի վարչության անդամ Վահան Գասարչյանն իր խոսքում հավաստել է, որ հիմնադրամի արցախյան ներդրումները ծառայում են փոխշահավետ նպատակի, նամանավանդ որ իրենց գործունեության նպատակն ի սկզբանե միայն բաժնետերերին շահույթ ապահովելը չէ, այլ նաև Քաշաթաղի ու Շահումյանի շրջանների հզորացման շուրջ ջանադրությունը, բնակչության ու վերջինիս կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ավելացումը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: