01/17/2026

Կառավարությունը կդիմի ՍԴ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձեռնմխելիության հարցով

Կառավարությունը կդիմի ՍԴ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձեռնմխելիության հարցով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ու նրա տեղակալներին դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտելուց առաջ ՀՀ կառավարությունը կդիմի Սահմանադրական դատարան։

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում առաջարկվող փոփոխություններն ընդունելուց առաջ կառավարությունը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան։ Այս մասին որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։

Բանն այն է, որ 2018թ. նոյեմբերի 8-ին, Աստանայում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստում փոփոխություններ էին առաջարկվել «2002թ. հոկտեմբերի 7-ի՝ ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում։

Դրանով առաջարկվում է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարին, նրա տեղակալներին ու նրանց ընտանիքների անդամներին օժտել դիվանագիտական անձեռնմխելիությամբ։

«Եթե Գլխավոր քարտուղարը, Գլխավոր քարտուղարի տեղակալները, նրանց ընտանիքները՝ իրենց հետ ապրող անդամները, գտնվելու վայրի պետության քաղաքացիներ չեն, արտոնություններից և անձեռնմխելիություններից օգտվում են այնքան, որքան «Դիվանագիտական կապերի մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայով նախատեսված է դիվանագիտական գործակալի և նրա ընտանիքի անդամների համար»,– ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Ընդ որում, այս փոփոխությունները ներկայացվում են որպես ՀԱՊԿ գործունեության արդյունավետության առավել բարձրացմանը միտված քայլ։

Ընդունելով արձանագրությամբ առաջարկված փոփոխությունը` կառավարությունը միաժամանակ որոշում կայացրեց դիմել Սահմանադրական դատարան       ` դրանում ամրագրված պարտավորությունների սահմանադրականությունը որոշելու նպատակով։

Միայն ՍԴ–ի կողմից Սահմանադրությանը համապատասխան որակվելուց հետո կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ նշանակվեց  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: