01/17/2026

Ավելի քան կես տարի աշխատավարձ չեն ստացել. ինչպե՞ս են իրենց զգում զանազան պաշտոնյաները

Ավելի քան կես տարի աշխատավարձ չեն ստացել. ինչպե՞ս են իրենց զգում զանազան պաշտոնյաները

«Սյունիք» ջրօգտագործողների ընկերության բազմաթիվ աշխատակիցներ ամիսներով աշխատավարձ չեն ստացել: Տնօրենը հավաստիացնում է, թե առաջիկա 1-1,5 ամսում խնդիրը կկարգավորվի: Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչո՞ւ է նման վիճակ ստեղծվել:

«Արմաթ» լաբորատորիաների 260 խմբավարների 3 ամիս աշխատավարձ չստանալու հարցը վարչապետին ուղղված նամակ-բողոքի տեսքով «հասավ» կառավարության նիստ: Վարչապետը խնդիրը բարձրաձայնեց, ու շատերը դրան ուշադրություն դարձրեցին: Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց նախարարներին, թե ո՞նց է հնարավոր, որ 21-րդ դարում մարդիկ երեք ամիս աշխատավարձ չստանան:

Բանից պարզվում է` հնարավոր է։ Ավելին, պարզվում է` Հայաստանում կան աշխատողներ, որոնք կես տարուց ավելի է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Գուցե այլ նմանօրինակ կազմակերպություններ կան, բայց մեզ հասած բողոքը վերաբերում է «Սյունիք» ՋՕԸ-ին (ջրօգտագործողների ընկերություն): Ըստ այդմ, նշված ՋՕԸ-ի մոտ 8 տասնյակ աշխատակիցներ դեռ անցյալ տարվա հուլիսից աշխատավարձ չեն ստացել: Հավելենք, որ շարքային աշխատողի մեկ ամսվա վարձատրության չափը 90-100 հազար ՀՀ դրամի միջակայքում է:

Թյուրընկալումներից խուսափելու համար միանգամից ընդգծենք` ՋՕԸ-երը որոշակիորեն ինքնավար ընկերություններ են, որոնք ձևավորվում են ջրօգտագործողների կողմից։ Նրանք ընտրում են վարչական խորհուրդ` որպես ղեկավար մարմին, որն էլ նշանակում է ՋՕԸ տնօրենին: ՋՕԸ-երի եկամուտները գոյանում են անդամավճարներից, ոռոգման ջրի մատակարարման դիմաց վճարումներից և պետական բյուջեից հատկացվող սուբսիդավորումից:

Ամեն դեպքում, հարց է ծագում` ինչպե՞ս է հնարավոր 21-րդ դարում մարդիկ ամիսներով աշխատավարձ չստանան: Պարզվում է` հնարավոր է:

Նախ` դիմեցինք Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանին, ով նշեց, որ կոնկրետ «Սյունիք» ՋՕԸ պարտքը 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 179 միլիոն դրամ, որից աշխատավարձի պարտքը եղել է 51 մլն դրամը: Ըստ մեր զրուցակցի, «Սյունիք» ՋՕԸ-ն անցյալ տարի, բնակլիմայական պայմանների պատճառով, նախատեսվածից պակաս ջուր է մատակարարել, արդյունքում քիչ հասույթ է ձևավորվել, մատակարարած ջրի դիմաց վճարներն էլ մոտ 40 տոկոսով է հավաքել: Բացի այդ, Մեղրու տարածքում որպես սահմանամերձ շրջան, ոռոգման ջրի դիմաց վճարի 50 տոկոսը փոխհատուցում է պետությունը, բայց անցյալ տարի նշված ՋՕԸ-ն այդ փոխհատուցումն էլ չի ստացել:

Այդ ամենի հետևանքով էլ ստեղծվել է նման կացություն: Ինչ վերաբերում է պետության պարտավորություններին, ապա Ջրտնտպետկոմի նախագահի տեղակալը հավաստիացրեց, որ «Սյունիք» ՋՕԸ-ին այս տարվա համար նախատեսված 166 մլն դրամ սուբսիդիայի գումարից մոտ 108 միլիոն դրամն արդեն փաստացի հատկացվել է: Ճիշտ է, այդ միջոցներից նշված ՋՕԸ-ն պետք է էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ունեցած վճարումները կատարեի, հարկային պարտավորությունները, գարնան նախապատրաստական աշխատանքները, աշխատավարձերի վճարման մասին հոգա և այլն, գումարած՝ ոռոգման ենթակառուցվածքի պահպանման համար անհրաժեշտ հաստատուն ծախսերը:

Զանգահարեցինք նաև «Սյունիք» ՋՕԸ տնօրեն Սահակ Համբարձումյանին: Նա մասնավորապես հայտնեց, որ վերը նշված 108 մլն դրամ սուբսիդիոն հատկացումից 75 մլն դրամն ուղղվել է էլեկտրաէներգիայի պարտքը մարելուն, 15 միլիոնը՝ հարկային պարտավորությունների կատարմանը, բացի այդ, վճարվել է ՋՕԸ աշխատակիցներին ունեցած 2018 թվականի հուլիս-օգոստոսի աշխատավարձերը: ՋՕԸ տնօրենի խոսքով` անցյալ տարվա վերջի դրությամբ ունեցած 51 միլիոն դրամի աշխատավարձի պարտքը նվազել է և այժմ հասել մոտ 30 միլիոն դրամի: Ու չնայած «անզեն աչքով» էլ ակնհայտ է, որ ֆինանսական ճեղքվածք կա, Սահակ Համբարձումյանը հավաստիացրեց, որ առաջիկա մեկ-մեկուկես ամսվա ընթացքում չվճարած աշխատավարձերի մասով կուտակած պարտքը կմարեն, անգամ այդ նպատակով արդեն ժամանակացույց են կազմել: Տնօրենն ակնկալում է, որ նախ, անցյալ տարվա չստացած սահմանամերձ շրջանի փոխհատուցման գումարը կտրամադրվի, բացի այդ՝ ոռոգման շրջանին ընդառաջ ջրօգտագործողները  նախկին մատակարարումների դիմաց չմուծած վճարումները կկատարեն:

Որքան էլ հասկանալի լինի, որ ՋՕԸ-երը համեմատաբար ինքնավար են, միևնույն է, չես ցանկանում ընկալել, թե ինչպե՞ս է հնարավոր, որ տասնյակ ու տասնյակ մարդիկ ամիսներով աշխատավարձ չստանան ու… չստանան: Լավ, ասենք ՋՕԸ-ն Սյունիքում խնդիրներ ունի ու լուրջ խնդիրներ, բայց դա հո միայն տվյալ ՋՕԸ-ի կամ Ջրտնտպետկոմի գլխացավա՞նքը չէ: 

Որ կողմից և ինչպես էլ խնդիրը դիտարկես, որևէ պատասխանատու, որևէ ղեկավար պետք է որ իր տեղը չգտնի, եթե իր ղեկավարած կառույցում կան մարդիկ, աշխատակիցներ, որոնք վարձատրություն չեն ստացել: Զանազան պաշտոնյաներ, դուք հանգի՞ստ քնում եք՝ իմանալով, որ ձեր ղեկավարած հիմնարկում, ոլորտում, մարզում ամիսներով աշխատավարձ չստացած մարդիկ կան:

Սա հռետորական հարց է:

Հարց, որի միակ ցանկալի պատասխանը կարող է լինել տեղեկությունը, որ աշխատավարձի պարտքը մարված է ամբողջությամբ: Դրանից հետո կամ, եթե կուզեք՝ զուգահեռաբար, անհրաժեշտ է մտածել կոնկրետ ՋՕԸ-երի աշխատանքն այնպես կազմակերպելու և վերակազմակերպելու մասին, որ ամիսներով աշխատավարձ չվճարելու դառը վիճակներ չստեղծվեն: Եթե սխալ է եղել տարբեր ՋՕԸ-երի միավորումը, ապա այդ սխալն է պետք ուղղել: Բայց նախ՝ աշխատավարձերի պարտքը մարելուց հետո։        



armeniasputnik.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: