01/17/2026

Երկու քրեական գործեր են հարուցվել զորամասերից մեկում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ

Երկու քրեական գործեր են հարուցվել զորամասերից մեկում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ

ՀՀ պաշտպանության նախարարության Սյունիքի զորամասերից մեկում մարտի 23-ին տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ ՀՀ դատախազությունում հարուցվել է երկու քրեական գործ։

Այս մասին հայտնել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

«Առաջին գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասի (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հատկանիշներով: Առաջինը մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելն է, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, երկրորդը՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյաննարձագանքել է Մեղրիի զորամասերից մեկում միջադեպի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումներին:

Նա նշել է, որ ՀՀ ԶՈւ-երում կարգազանցությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: «Նշված դեպքի կապակցությամբ, որն այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: 

Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող հետայսու էլ խստագույնս պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են»,- գրել է Հովհաննիսյանը:

Պատժված զինծառայողներից մեկի ծնողը պատմել է, որ մի քանի օր լուր չի ունեցել որդուց, որին գտել է կալանքի տակ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանությունում։ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է նաև, որ ելույթ ունեցող ծնողի որդին, որպես զինծառայող մշտապես օգտվելով իր իրավունքներից՝ որպես միակողմանի ծնողազուրկ, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: