01/17/2026

Երևանի սրտում բացվեց Եվրոպայի հրապարակը

Երևանի սրտում բացվեց Եվրոպայի հրապարակը

Երևանն այսուհետ կունենա Եվրոպայի հրապարակ. քաղաքի սրտում՝ Հյուսիսային պողոտայի կենտրոնում, մարտի 28-ին հանդիսավոր կերպով տեղի ունեցավ բացման արարողությունը:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին ընդառաջ խորհրդանշական է «Եվրոպայի հրապարակի» անվանակոչումը: «Անկախությունից հետո վերջին 28-տարիների ընթացքում Հայաստանը, նվիրված լինելով  համաեվրոպական արժեքներին, շարունակում է կառուցել եվրոպական ուղղությամբ իր համագործակցությունը: Իր գոյության 70-տարիների ընթացքում Եվրոպայի խորհուրդը իրապես հաջողությամբ է կրել եվրոպական արժեհամակարգի հանդեպ պատասխանատվության իր կոչումը և շարունակում է ծավալել իր մարդակենտրոն գործունեություն»,-նշեց Ալեն Սիմոնյանը:

Երևանում գտնվող՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեն շեշտեց, որ Եվրոպան զուտ աշխարհագրական հասկացություն չէ, այլ ավելին, մի երևույթ՝ ինչը իր շուրջն է համախմբել տարբեր լեզուներով խոսող, բայց նույն գաղափարների տեր մարդկանց:

««Եվրոպայի հրապարակը» հիշեցումն է նրա, որ Եվրոպան ոչ թե վերացական կոնցեպցիա է, այլ համակարգ, որը ներառում է մեր բոլորի ազատությունները և իրավունքները»,-ասաց Լիլիան Մորի Պասկիեն:

Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով «Եվրոպայի հրապարակի» վկայագիր հանձնեց ԵԽԽՎ նախագահին՝ ազդարարելով հրապարակի բացումը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների եվրոպական ամենամեծ կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը:

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ է 2001թ. հունվարի 25-ից: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի Խորհրդի հիմնական մարմինների, ինչպես նաև միջկառավարական համագործակցության փորձագիտական կոմիտեների աշխատանքներում և հանդես է գալիս կազմակերպության գործունեության և դերակատարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով:  

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: