01/17/2026

ՀՀԿ մի շարք անդամներ հարգանքի տուրք մատուցեցին Աշոտ Նավասարդյանի հիշատակին

ՀՀԿ մի շարք անդամներ հարգանքի տուրք մատուցեցին Աշոտ Նավասարդյանի հիշատակին

Այսօր Հայաստանի «Հանրապետական» կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է:  Օրվա առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը,  ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանովը, կուսակցության անդամներ Գալուստ Սահակյանը, Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, Գագիկ Մինասյանը, ինչպես նաև Նավասարդյանի մտերիմներն ու հարազատները։

«Հանրապետական կուսակցությունը երբ ստեղծվել է, Աշոտ Նավասարդյանն ասել է՝ կուսակցությունը պետք է լինի ազգային և ուժեղ Հայաստանի կառուցման ջատագովը։ Եվ մենք այսօր էլ՝ որպես ընդդիմություն ազգային և միասնական Հայաստանի կառուցման ջատագովն ենք։ Մենք ազգային պետականության կողմնակից ենք, անգամ մեր քննադատությունը միտված է ոչ թե ընդդեմ օրվա կառավարության, այլ հանուն ուժեղ Հայաստանի»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը հիշեցրեց՝ Նավասարդյանն ասում էր, որ Հանրապետական կուսակցություն գալիս են տալու գիտելիք ու նվիրում, իսկ ով որ գալիս է, որ դառնա իշխանություն և ինչ-որ մի բան վերցնի, նա անելիք չունի։

«Կարծես թե այսօր Հանրապետականում մնում են նրանք, ովքեր եկել են տալու իրենց նվիրումն ու գիտելիքը, և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանը մոտենա»,- նշեց Շարմազանովը։

Գալուստ Սահակյանն էլ շեշտեց, որ Նավասարդյանի Հայաստանի անկախության համար կարևորագույն գործիչներից մեկն է եղել։

Լրագրողների հարցին, թե կարելի՞ է ասել, թե  Հանրապետականի իշխանության լինելու տարիներին սխալ մարդիկ են եղել կուսակցության կողքին, նա պատասխանեց. «Մեր ժողովրդից որևէ մեկը սխալ մարդիկ չեն։ Նրանք, ովքեր մեզ հետ էին, քայլում էին առաջ, այդ նուն մարդիկ էլ հիմա գնացել են նոր իշխանությունների կողքը և պայքարում են այդ նոր իշխանությունների համար։ Այդ գնալ-գալը Հանրապետականի համար որոշիչ կարգավիճակներ չեն։ Մենք կարողացել ենք ստեղծել բավականին լավ ծրագրեր և դրանցով առաջ ենք գնում, կգա ժամանակը և նոը ընտրություններ կլինեն և ՀՀԿ-ն ցույց կտա իր կարողությունները»։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ ՀՀԿ-ն ազգային է, պահպանողական է և ունի շատ խորը պատմություն։

«Աշոտ Նավասարդյանի պայքարը ոչ թե ընդդեմ էր, այլ հանուն Հայաստանի պետականության, հայ ժողովրդի պատմական իրավունքի՝ ունենալ սեփական պետություն»,- նշեց նա։

Նշենք, որ այսօր Աշոտ Նավասարդյանը կդառնար 69 տարեկան:

 

Աղբյուր` Panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: