01/18/2026

Շարքային դեպք չէ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրեց Մեղրիի զորամասի միջադեպի մանրամասները

Շարքային դեպք չէ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրեց Մեղրիի զորամասի միջադեպի մանրամասները

«Չասեմ՝ շարքային դեպք է, բայց, իհարկե, դա ոչ ցանկալի դեպք էր, որ տեղի ունեցավ՝ խորքային արմատներ ունենալով հանդերձ։ Միջոցներ ենք ձեռնարկում, որ ամբողջությամբ վերահսկվեն նման դեպքերը»,- այս խոսքերով Մեղրիի զորամասի միջադեպին SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` այսօր անդրադարձավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

 
Նա պատմեց, որ խնդիրը ծագել է նրանից, որ զինծառայողները փորձել են ըմբոստանալ և չկատարել զորամասի հրամանատարության պահանջները, քանի որ 1-2 զինծառայող «գողական» բարքերով փորձել են ընդդիմանալ գործող կարգին, ու կազմակեպել են այդ ամենը, մյուսներն էլ զինվորական «համերաշխությունից» դրդված կամ ստիպված գնացել են նրանց հետևից։

Դավթյանը պատմեց, որ միջադեպի մասնակից զինծառայողների քանակը մեծ չի եղել զորամասի ամբողջ կազմի համեմատությամբ, իսկ նրանց մեծ մասը հիմա զղջում է արածի համար, և նրանց արարքները դատապարտել են նաև նրանց ծնողները։

«Կա պրոբլեմ, ընդունում ենք մենք։ Եվ նորից եմ ասում՝ շարքային դեպք չէ, բայց, միևնույն ժամանակ, դեպքով մենք զբաղվում ենք շատ ուշադիր և լուծումներ անպայման կգտնվեն», – ասաց շտաբի պետը։

SHANTNEWS.am-ի ճշտող հարցին՝ ի՞նչ պատիժ են ստանալու կազմակերպիչները, Դավթյանը պատասխանեց, որ դա լինելու է երկու հարթության վրա․

 
  • կարգապահական տույժեր արդեն տրված են համապատասխան պետերի կողմից,
  • քրեական գործ է հարուցված, այդ գործով իրավապահները որոշում կընդունեն։

Դավթյանը մանրամասնեց, որ եղել են և՛ ազատումներ, և՛ տեղափոխություններ, և դրանք դեռ կշարունակվեն, քանի որ այդ խորքային երևույթն այս կարճ ժամանակում հնարավոր չէր խորությամբ ուսումնասիրել։ Բայց ըստ շտաբի պետի՝ որոշ բացահայտումներ կանի նաև քրեական գործը, ինչից ելնելով՝ ԶՈւ ղեկավարությունն էլ որոշումներ կընդունի։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: