01/18/2026

Մեծ սյունեցի Արամ Մանուկյանին նվիրված ցուցահանդես Արցախում

Մեծ սյունեցի Արամ Մանուկյանին նվիրված ցուցահանդես Արցախում

Մարտի 29-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված ցուցահանդես:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանն ասել է, որ ներկայացված են արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ:

 

 
 
«Ցուցահանդեսը կազմակերպվել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու Հայաստանի ազգային արխիվի համատեղ ջանքերով: Մեկնարկը տրվել է Արցախում: Այն տևական ժամանակ բաց կլինի հանրության համար, իսկ նմուշներն էլ կմնան Արցախում: Պետք է նշել, որ ծնունդով շուշեցի Արամ Մանուկյանն այն մարդն էր, որին, իրավամբ, կարելի է անվանել ՀՀ հիմնադիր, հայոց պետականության վերականգնող, քանի որ հայկական պետականության վերակագնման առաջին փորձը եղավ 1918 թ.-ին՝ Վանի ինքնապաշտպանությունից հետո, երբ ստեղծվեց Վանի նահանգը և նահանգապետ նշանակվեց նա: Այդ փորձի շնորհիվ Արամ Մանուկյանը 1918 թ.-ին կազմակերպեց Սարդարապատի ճակատամարտը՝ փրկելով Երևանը և հիմնադրեց ՀՀ-ն՝ դառնալով ՀՀ առաջին ներքին գործերի նախարարը: Նրան ենթրակվում էին բոլոր գավառային կոմիսարները, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներ»,- մասնավորապես նշել է Ա. Վիրաբյանը:
 

Իր հերթին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասել է, որ Արամ Մանուկյան քաղաքական գործիչը շատ խորունկ կյանք է ունեցել:

«Բացի դրանից, նա նաև պետական գործիչ էր: Իր պետական գործչի առաքելությունը նա ցուցաբերել է դեռևս Վան-Վասպուրականում, երբ կազմակերպեց Վանի ինքնապաշտպանությունը, երբ ռուսական զորքերի կողմից նշանակվեց Վանի ժամանակավոր նահանգապետ և կատարեց այնպիսի գործեր, որոնք կարող էր անել միայն պետական գործիչը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային արխիվի տնօրինությանը համատեղ ծրագրի համար և նշել, որ մեր ակտիվ համագործակցությունը շարունակական և արգասաբեր է լինելու»,- նշել է Լ. Հովհաննիսյանը:

Ցուցահանդեսին ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք:

artsakhpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: