01/18/2026

Դպրոցներում ֆինանսական կրթության ծրագրի շրջանակում վերապատրաստում կանցնի 12 հազար ուսուցիչ

Դպրոցներում ֆինանսական կրթության ծրագրի շրջանակում վերապատրաստում կանցնի 12 հազար ուսուցիչ

Հայաստանում «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում աշակերտների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու նպատակով նախորդ տարի վերապատրաստում են անցել 4 առարկների 2532 ուսուցիչներ: Այս վերապատրաստումները շարունակական բնույթ կկրեն։ Ֆինանսական կրթության ազգային ռազմավարության հանձնաժողովի 15-րդ նիստում այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Արթուր Փոքրիկյանը:

«Ծրագիրը սկսվել է իրականացվել 2015-ից ֆինանսական կրթության ազգային ռազմավարության շրջանակում: Մենք արդեն ավարտել ենք զարգացման հիմանական փուլը և 2018-ին սկսել ենք ծրագրի բուն իրականացումը: Ծրագիրը ենթադրում է ֆինանսական տարրերի ինտեգրում 4 առարկներում: Տարրական դասարաններում ֆինանսական տարրերը ընդգրկվում են «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա» առարկաներում, իսկ միջին և ավագ դասարաններում՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաներում:Եվ այդ 4 առարկաների մոտ 12 հազար ուսուցիչ ենք նախատեսում վերապատրաստել: Ընդգրկվում են 2-11-րդ դասարանները»,-ասաց Փոքրիկյանը։

Նա շեշտեց, որ ֆինանսական կրթությունը դպրոցներում ինտեգրվում է որպես կյանքի հմտություն, գրպանի փողի կառավարման վերաբերյալ տարրական գիտելիքներ, այն չի տալիս մասնագիտական գիտելիք: Ֆինանսական կրթությունը չի դասավանդվում որպես  առանձին առարկա: Ընտրվել են առարկաները, մշակվել են առարկայական չափորոշիչները, վերապատրաստման ծրագրերը և 2017-2018թթ 14 դպրոցներում անցել է  ծրագրերի փորձարկումը: Փոքրիկյանը նշեց, որ արդյունքները թե փորձագիտական, թե հետազոտական մեթոդներով դրական են գնահատվել:

2018-ին կատարվել է մոտ 80 դասընթացավարի վերապատրաստում, որոնք իրականացրել են ուսուցիչների վերապատրաստման առաջին փուլը: 2018-ի  երկրորդ կիսամյակում ՀՀ 346 դպրոցներից արդեն 2532 ուսուցիչ է վերապատրաստվել: Փոքրիկյանը վստահեցրեց, որ մինչ 2021թ շարունակելու են ուսուցիչների վերապատրաստումը, նախատեսում են կրկնակի ավելացնել դպրոցների և վերապատրաստված ուսուցիչների քանակը:

armenpress.am 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: