01/18/2026

Բոլորին ուզում եմ զգուշացնել վերջին անգամ. Նիկոլ Փաշինյանը բարկացավ

Բոլորին ուզում եմ զգուշացնել վերջին անգամ. Նիկոլ Փաշինյանը բարկացավ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ ավտոգազալցակայաններում գազի գնի բարձրացմանը։ «Ես հրավիրել եմ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, որպեսզի մեզ տեղեկատվություն տա, թե ինչ է կատարվում»,- հետաքրքրվեց վարչապետը: Կոտոլյանն էլ նշեց, որ որպես այդպիսին գազի գնի բարձրացում տեղի չի ունեցել:

«Խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկներով գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7,1, բայց վերջին 3-4 օրվա ընթացքում Հայռուսգազարդից գազի միջին խտությունը գալիս է 7,9-ով, այսինքն աճել է: Հետևաբար տնտեսվարողներն իրենց ծրագրային փոփոխությունների մեջ պետք է դա անեին, որը չեն արել: Հետևաբար մեր սպառողները ստիպված են եղել ավել գումար վճարել, որի համար շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բոլոր տնտեսվարողներին տեղեկացրել է, որպեսզի ամեն օր փոփոխություն կատարեն և ճիշտ խտություն տեղադրեն»,- ասաց նա: Վարչապետն էլ հետաքրքրվեց, թե ինչի այդ փոփոխությունները չեն կատարել: Կոտոլյանը պատասխանեց, որ դա ԱԳԼՃԿ-ն երի կողմից միտումնավոր և ոչ միտումնավոր չարաշահում է եղել:

Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց, թե այս ամենը կարող է կապ ունենալ նրա հետ, որ վերջին տարիներին իրականացվում է գազալցակայաններում ստվերի կրճատման և չարաշահումների դեմ պայքարում. «Հնարավո՞ ր է գազալցակայանների տերերն այսպիսով փորձում են ինչ որ պրովոկատիվ գործողություններով իրենց կարճ խելքով որոշակի դժգոհություն հարուցեն: Կարո՞ ղ է այդպիսի բան լինել»: Անանյանն էլ պատասխանեց, որ տեսականորեն հնարավոր է:

«Երեկ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածվում, թե իբր կառավարության որևէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է, դա է պատճառը, որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել: Ուզում եմ արձանագրենք, որ այդպիսի գործողություն տեղի չի ունեցել: Տեղեկություն էր տարածվում, որ դա տեղի է ունեցել կառավարության ներկայացրած օրենքի փոփոխության շրջանակներում: Նախ այդ օրենքը դեռ չի ընդունվել և երկրորդն էլ օրենքը չի կարող գնի փոփոխման պատճառ դառնալ: Ես ինչքան վերլուծում եմ, այստեղ կարող ենք ուրիշ խնդրի հետ գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել: Այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Էլի ուզում եմ կրկնել, որ որոշ նախկին օլիգարխներ, թեեւ մտածում են, որ այս պայմաններում կարող են մանիպուլյացիաների դաշտ մտնել, իրենք չարաչար սխալվում են: Բոլորին ուզում եմ զգուշացնել վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել, որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան՝ անձնապես, բոլորն՝ առանց բացառության: Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու: Ես սա շատ ուղիղ եմ ասում և հասկանալի: Հետևաբար Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ՊԵԿ-ը, մյուս այն մարմինները, որոնք ունեն իրավասություն, շատ արագ արձագանքում են և գտնում են շատ խիստ պատժի ենթարկելու այն տնտեսվարողներին, որոնք այս իրավիճակում փորձում են մանիպուլացիաներ անել: Եվս մի բան պարոն Անանյան, ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք, չլինի մի գազալցակայան, որը ՀԴՄ չխփի: Ապօրինի, ժողովրդի հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինի: Մեր երկրում խոսքի ազատությունն ապահովված է, բայց եթե որոշ շրջանակներ միլիոններ են ծախսելու, սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլացիայի համար, դա ազգային անվտանգության խնդիր է պարոն Վանեցյան: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունն այս հարցում կկարողանա ապահովել կոնկրետ արդյունքներ»,- բարկացած ասաց վարչապետը:

www.armdaily.am



ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: