01/18/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հրամանատար Վուրգ» խորագիրը կրող հուշ-երեկոն

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հրամանատար Վուրգ» խորագիրը կրող հուշ-երեկոն

Դարերի ընթացքում հայոց աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանելու համար: Ադպիսի քաջորդիներից է  սիրված ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից Վուրգ Ոսկանյանը:

Ծնվել է 1941 թ. մայիսի 28-ին Սիսիանի Բռնակոթ գյուղում:

Եղել է Սիսիանի թիվ 1 դպրոցի զինղեկը։ Վուրգը Սիսիանում կազմակերպել է «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը։ 1989 թվականին նրա մտահղացմամբ եւ «Ղարաբաղ» կոմիտեի աջակցությամբ Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարեւանությամբ կառուցվել է Հայոց ցեղասպանության 74-րդ տարելիցը խորհրդանշող հուշարձանը։ 

Վուրգ Ոսկանյանն Արցախի ազատագրման պայքարի առաջին օրերից երկրապահ կամավորների ջոկատով միացել է պայքարին՝ կռվելով Զանգեզուրի, Տավուշի, Արցախի պաշտպանական դիրքերում։ 

Արցախի ազատագրման պայքարի առաջին օրերից երկրապահ կամավորների ջոկատով մասնակցել է ռազմական գործողություններին։ 

Վուրգ Ոսկանյանը զոհվել է 1993թ. մարտի 31-ին Լաչինի Բիչանիս (Վակունիս) գյուղի մարտական հենակետում: 

Վուրգ Ոսկանյանի անվամբ է կոչվում Սիսիանի թիվ 4 դպրոցը, Արցախի Վուրգավան գյուղը: 

Վակունիսում բացվել է հուշահամալիր 11 սիսիանցի ազատամարտիկների, այդ թվում՝ Վուրգ Ոսկանյանի հիշատակին։ 

2001 թվականին Վակունիսի դպրոցը վերանվանվել է Վուրգ Ոսկանյանի անվամբ։ 

2012 թվականին Սիսիանի Ազատամարտիկների հրապարակում տեղադրվել է Վուրգի հուշարձանը (քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան): 

Այսպիսով` մարտի 31-ը Վուրգ Ոսկանյանի մահվան օրն է: Եվ ահա հեղինակային երգի կատարող, մեծ հայրենասեր Անի Մարգարյանի կողմից կազմակերպվեց հուշ-երեկո «Նարեկացի» արվեստի միությունում: Հավաքվել էին հերոսածին մայրեր, ազատամարտիկներ, եւ, ի վերջո, տարբեր մասնագիտությունների, սերունդների ներկայացուցիչներ ու բոլոր նրանք, ովքեր ճանաչել են սիրված ազատամարտիկին։

Հուշ-երեկոն վարում ու միեւնույն ժամանակ հայրենասիրական թեմաներով ասմունքում էր հաղորդավար Թագուհի Ղազարյանը, ով բոլորին տեղափոխեց դեպի 90-ական թվականներ, այսինքն այն ժամանակներ, երբ ապրեց, արարարեց ու հանուն հայրենիքի պայքարեց ազատամարտիկ ու Սիսիանի 62-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Վուրգ Ոսկանյանը: 

Միջոցառման բացումն իրականացրեց կազմակերպիչ Անի Մարգարյանը՝ խոսելով սիրված հերոսի ու երեկույթի մասին: 

Միջոցառումը բաղկացած էր երկու մասից՝ առաջին մասում հայրենասիրական երգերի ու ասմունքների  ելույթներով հանդես եկան Անի Մարգարյանը, Թագուհի Ղազարյանը, աշուղ Նազելին, Արմինե Եղիազարյանը, Կարեն Մշեցին, բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը, ասմունքող Նարեկ Մարգարյանը: 

Երկրորդ մասում ցուցադրվեց ռեժիսոր, ազատամարտիկ Սամվել Թադեւոսյանի «Խոնարհ հերոսներ» ֆիլմը՝ նվիրված Վուրգ Ոսկանյանին ու նրա մյուս ժամանակակիցներին եւ հերոսներին:

Նախքան ֆիլմի ցուցադրությունը խոսեց ռեժիսոր, սցենարի հեղինակ Սամվել Թադեւոսյանը՝ ներկայացնելով այն ու դրա ստեղծման պատմությունը: 

Միջոցառման վերջում ելույթով հանդես եկավ սիրված հերոսի որդին՝ Սուրեն Ոսկանյանը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու բոլոր նրանց, ովքեր այդ օրը հարգել ու եկել էին հուշ-երեկոյին` ազատամարտիկի հիշատակը հարգելու համար: 

Այսպիսով՝ Վուրգ Ոսկանյանը եւ նրա սխրանքը հավերժ կմնան մեր ու գալիք սերունդների հիշողություններում: Եվ իրոք ճիշտ է ասված, որ ոչ ոք չի մոռացվելու, ոչինչ չի մոռացվելու: 

Գարիկ Ավետիսյան 

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: