01/18/2026

Թաքուն սարսուռներ կան այս դաշտերում

Թաքուն սարսուռներ կան այս դաշտերում

Այս դաշտերի մեջ կարմիր ծաղիկներ կան,
Թաքուն սարսուռներ կան այս դաշտերում,
Հոգու խորքում ապրող անուշ տաղիկներ կան,
Ծաղկի հետ պարուրված` մահն է բուրում:
Այստեղ լուսաբացը արտույտի դայլայլ է,
Ավտոմատի ծանոթ կրակահերթ:
…Քրտնած մի զինվոր է խրամատով վազում,
Որ փամփուշտ հասցնի կրակակետ:
…Մարտը սկսված է, տղերքը լարված են,
Հեռվից որոտում է հրետանին,
Շուրջս պայթյուններ են ու դղրդոց անվերջ,
Եվ մարտի է նետվում քրտնաթոր պատանին:
Հրամանը նույնն է. մենք չենք նահանջելու,
Ու մեխել է նա մեզ ծուռտիկ խրամատին,
Արկի դղրդյուն է, պայթյուններ են օդում.
Մեր դիրքն է քրքրում հրետանին:
Մենք զգում ենք իրար մեր իսկ կրակոցով,
Գնդացրի անվերջ կրակահերթ.
Մեր դիրքն արկն է խոցում ահեղ իր սուլոցով,
Գնդացիրն է կողքիս լռում հավետ…
…Գլխումս դժժոց է, աչքերումս` մշուշ,
Մարմիններ եմ տեսնում փլված խրամատում.
Գնդացրի կողքին` կուրծքը արյունե վարդ,
Շիկահեր պատանին իր աչքերն է փակում…
…Ես գրկում եմ նրան ու լալիս եմ տխուր
Նրա կիսատ ապրած գարունների համար,
Եվ ոռնում եմ դեպի երկինք պարզած դեմքով.
Աստվա՜ծ, ասա՜, ինչո՞ւ, ինչի՞ համա՜ր:

04. 2016
Թալիշ, Մատաղիս
Աշոտ Մինասյան

Լուսանկարը՝ Աշոտ Մինասյան, Թալիշ,ապրիլ 2016թ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: