01/18/2026

Քննարկվեցին մարզական ոլորտին առնչվող խնդիրներ

Քննարկվեցին մարզական ոլորտին առնչվող խնդիրներ

Աշխատանքային այցով ապրիլի 4-ից 6-ը Սյունիքում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատվիրակությունը (նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյան, նախարարության գլխավոր քարտուղար Վահե Էլոյան, նախարարության մարզական կազմակերպությունների եւ մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վաղինակ Գալուստյան): Պատվիրակության անդամները եղան Սյունիքի քաղաքների մարզադպրոցներում եւ մարզական կառույցներում, ծանոթացան նրանց վիճակին, մարզիկների մարզումային պայմաններին, հանդիպումներ եղան համայնքապետերի հետ, տեղում քննարկվեցին մարզական ոլորտի առջեւ ծառացած խնդիրները: Իսկ մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպեցին մարզաշխարհի ներկայացուցիչների հետ: Գաբրիել Ղազարյանը մասնավորապես նշեց, որ նախարարության  ենթակայության ներքո գտնվող մարզադպրոցների մարզիչների դրույքաչափերը տարբերվում է համայնքային ենթակայության մարզադպրոցների մարզիչների դրույքաչափերից, եւ այդ խնդիրը նախարարության տեսադաշտում է:

Քննարկվեցին Սյունիքի մարզական ոլորտին առնչվող հարցեր, հանդիպմանը ներկա մարզական բնագավառի ներկայացուցիչները հանդես եկան հարցադրումներով: Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Պետրոսյանը բարձրացրեց մարզկենտրոնում աթլետիկական մանեժ, իսկ «Ռիո-2016» օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային տարբեր մրցույթների հաղթող Լեւոն Աղասյանը՝ Կապանի մարզադաշտում ժամանակակից վազքուղյակ ունենալու խնդիրները, ինչն էականորեն կխթանի մարզաձեւի զարգացմանը: Խոսք եղավ կրթօջախները մարզագույքով համալրելու մասին:

Կապանում ծանրամարտով զբաղվող աղջիկների մարզիչ Կարեն Հարությունյանը կանանց համար նախատեսված ծանրաձող ունենալու հարց հնչեցրեց, ինչին դրականորեն լուծելու պատրաստակամություն հայտնեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Հանդիպման ավարտից հետո պատասխանելով «Սյունյաց երկրի» հարցերին՝ Գաբրիել Ղազարյանը նշեց, որ այցն արդյունավետ էր արդեն ակնեւրեւ է, թե մարզում ինչ խնդիրներ կան, եւ ինչ լուծում պետք է տրվեր դրանց: Մասնավորապես, Մեղրիում ցայսօր մարզադպրոց չկա, եւ իրենք մտածում են այդ ուղղությամբ: Իսկ ահա Քաջարանում մանկապատանեկան սպորտը զարգացնելու նպաստավոր պայմաններ եւ կարողություններ կան, ոը պիտի նպատակասլաց օգտագործվի: «Սյունիքում կան մարզական ավանդույթներ, որոնք պիտի պահպանել եւ զարգացնել»,-խոսքն այսպես եզրափակեց Գ. Ղազարյանը:

Վահրամ  Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: