01/18/2026

Հայաստանում յուրաքանչուր երկրորդ բնակիչը մահանում է սրտանոթային հիվանդություններից, յուրաքանչյուր հինգերորդը` քաղցկեղից

Հայաստանում յուրաքանչուր երկրորդ բնակիչը մահանում է սրտանոթային հիվանդություններից, յուրաքանչյուր հինգերորդը` քաղցկեղից

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցել է Ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բարձրաստիճան երկօրյա համաժողովին:

Միջոցառմանը ներկա էին ԱՀԿ անդամ-պետությունների և ՄԱԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ, նախարարներ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ:
Համաժողովը համախմբում էր գլոբալ ջանքերը` ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և վերահսկելու նպատակով, իսկ մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել նոր մեթոդներն ու հնարավորութունները` հետագայում Հայաստանում ներդնելու տեսանկյունից:

Արսեն Թորոսյանն իր ելույթում շեշտել է, որ Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ), մասնավորապես՝ սրտանոթային համակարգի հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը և շնչառական քրոնիկ հիվանդությունները առողջապահության համակարգի հարաճուն խնդիրներից է:

«Յուրաքանչուր երկրորդ բնակիչը մահանում է սրտանոթային հիվանդություններից, յուրաքանչյուր հինգերորդը` քաղցկեղից, ընդ որում, թոքի քաղցկեղից մահացությունը 5-6 անգամ բարձր է տղամարդկանց շրջանում: 2016-2017թթ. ԱՀԿ աջակցությամբ Հանրապետությունում իրականցված STEPS ազգային հետազոտության արդյունքների համաձայն, յուրաքանչուր երկրորդ տղամարդը ծխում է»,- ասել է Թորոսյանը, հավելելով, որ կառավարությունը կարևորում է ծխելու դեմ պայքարը՝ որպես գերակա ուղղություն:

Նախարարը նշել է նաև, որ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում 2015 թվականից Հայաստանում իրականացվում է ՈՎՀ սկրինինգային ծրագիրը, որն ուղղված է շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման վաղաժամ հայտնաբերմանը, ինչպես նաև 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացվում է արգանդի վզիկի քաղցկեղի բջջաբանական հետազոտություն։

Համաժողովի ընթացքում Արսեն Թորոսյանը հանդիպել է Թուրքմենստանի առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարար Նուրմուհամմեդ Ամաննեպսովին: Քննարկվել են երկկողմ ծրագրեր իրականացնելու, պացիետնենրի բուժման, փոխանակման ծրագրեր ներդնելու և այլ հարցեր, տեղեկացնում են ԱՆ-ից:

lragir.am

 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: