01/18/2026

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ընդգծեց ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի վերադարձի կարևորությունը

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ընդգծեց ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի վերադարձի կարևորությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցությունների սեղան Արցախի վերադարձի կարևորությունը:  Փաշինյանը նշեց, որ չի կարող խնդիրը լուծվել, առանց Արցախի մասնակցության:

«Մեր ընկալմամբ, այսօր կարևորագույն մի քանի հարց կա, որոնց պետք է պատասխանենք  խաղաղության օրակարգն ինստիտուցիոնալ առումով ուժեղացնելու համար, և այդ հարցերից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատի լիարժեք գործարկումն է, որը ենթադրում է նաև ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը խաղաղ կարգավորման գործընթացին, որովհետև շատ դժվար է հասկանալ, թե ինչպես ենք մենք պատրաստվում հարցը կարգավորել, առանց կոնֆլիկտի առաջնային և հիմանական կողմին լսելու, առանց նրա հետ խոսելու: Մեր քայլերն ուղղված են նրան, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում վերականգնենք երկխոսությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: ԼՂ-ի ու Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի է ունեցել նաև ուղիղ հանդիպում, այդ պրակտիկան եղել է: ԼՂ ընտրված ներկայացուցիչները շատ երկար ժամանակ, և ըստ էության միշտ ներգրավված են եղել բանակցային գործընթացում: Սովորաբար ասում են, որ մինչև 1998թ., բայց ես կարող եմ ասել, որ մինչև 2018թ. Ղարաբաղի ներկայացուցիչները ներկա են եղել բանակցային գործընթացում: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դառնալուց առաջ եղել է Լեռնային Ղարաբաղի ընտրված նախագահը, դրանից հետո Սերժ Սարգսյանն է ներկայացրել Հայաստանը, բայց նա եղել է նաև Ղարաբաղի առաջնորդներից մեկը, և մենք, ըստ էության, ունենք մի վիճակ, երբ Լեռնային Ղարաբաղը բանակցային ողջ գործընթացի ընթացքում ներկայացված է եղել բանակցությունների սեղանի շուրջ: Եվ մեր խնդիրն է այսօր ստեղծել պայմաններ, որ այդ երկխոսությունը ԼՂ-ի ու Ադրբեջանի միջև չընդհատվի, և սա շատ կարևոր պարտավորություն է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց նաև իր ու Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցող երկխոսությունները:   

«Վերջին շրջանում խաղաղության բանաձևը կյանքի կոչելու առաջարկներ ներկայացնելը մեր ադրբեջանցի գործընկերներին, և հանրությանը, մեր ամենակարևոր անելիքներից մեկն է, և ես ուրախ եմ, որ մենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կարողացել ենք բավականին ուղիղ, անկեղծ, ազնիվ և կառուցողական խոսակցություն ծավալել: Ցավոք, դեռևս ընդհանուր պատկերացումներ չունենք Ղարաբաղի հարցի կարգավորման նրբությունների մեխանիզմների մասին, բայց այն, որ մենք կարողացել ենք կառուցողական, անկեղծ քննարկման մթնոլորտ ստեղծել, դա արդեն իսկ բավական լավ է»,- նշեց Փաշինյանը:

 

armenpress.am 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: