01/18/2026

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հանքերի իրական սեփականատերերի բացահայտման մասին նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հանքերի իրական սեփականատերերի բացահայտման մասին նախագծին

 ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենսդրական նոր նախաձեռնությանը, որով կարգավորվում է ընդերք օգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը:

«ՀՀ ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողով ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«2017-ի մարտից Հայաստանը հանդիսանում է  Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիրը: Դա միջազգային կազմակերպություն է, և մենք ստանձնել ենք որոշ պարտավորություններ, որոնց կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտի ավելի բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման: Պարտավորություններից մեկն էլ ոլորտում գործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումն է: Նախագծերի փաթեթը կարգավորում է իրական սեփականատերերի բացահայտման ողջ գործընթացը։ Նախագծերի փաթեթը մշակվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որտեղ ներգրավված են եղել հանքարդյունաբերող կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ»,-նշեց Բաղրամյանը:

Նա ընդգծեց, որ, մասնավորապես, «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացվում են սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, իսկ որպես պատասխանատվության միջոց սահմանվում է ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման դրույթներ: Սահմանվել է նաև իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի լիազոր մարմին ներկայացնելու պահանջ: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման դրույթները նախատեսվում է  տարածել ընդերքօգտագործման բոլոր ձևերի վրա: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում առանձին հոդվածով սահմանվել է իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրանցվող տեղեկությունների շրջանակը: Կարգավորվել է նաև իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու ու գրանցման մեջ փոփոխություն կատարելու ժամկետները:

armenpress.am

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: