01/11/2025

Ծնունդդ շնորհավոր, Վարպետ

Ծնունդդ շնորհավոր, Վարպետ

Հայ պոեզիայի ականավոր ներկայացուցիչ Համո Սահյանի ծննդյան օրը՝ ապրիլի 14-ին, «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը (Սամվել Ալեքսանյան, Ռեդիկ Հայրապետյան) այցելեց Սիսիան, ապա՝ Լոր:

Սահյանի պոեզիան մեզ համար շարունակում է մնալ ոչ միայն ներշնչանքի, այլեւ ազդեցության աղբյուր:

Սիսիանում՝ «Սիսական» փառապանծ ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ, մեծ բանաստեղծին հարգանքի տուրք մատուցեցինք՝ այցելելով նրա հուշակոթողին:

Այնուհետեւ ճանապարհվեցինք Լոր՝ բանաստեղծի հայրական տուն:

Պաշտոնական միջոցառումը՝ նվիրված Համո Սահյանի ծննդյան 105-ամյակին, պետք է մեկնարկեր ժամը 13-ին:

Մինչ այդ, սակայն, հասցրեցինք ծանոթանալ տուն-թանգարանի նոր ցուցադրություններին (ի դեպ, թանգարանի ցուցանմուշները թարմացված էին, իսկ բանաստեղծի հայրական տունն ու մերձակայքը՝ լավագույնս պահպանված, ինչը, անշուշտ, տուն-թանգարանի տնօրեն Քնքուշ Հարությունյանի նվիրական աշխատանքի արդյունքը պիտի համարել):

Գյուղի դպրոցականներն էլ տուն-թանգարան էին եկել առավոտվանից, որտեղ եւ ասմունքում էին, կատարում Համո Սահյանի ստեղծագործություններով երգեր:

Մենք օգտվեցինք հաճելի այդ մթնոլորտից եւ գյուղի դպրոցականների հետ միասին  ասմունքի յուրօրինակ ցերեկույթ անցկացրինք:

Առաջինն ասմունքեց Լոր գյուղի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը («Պատահում է սիրտդ լցվում/ Ու չի լալիս ժամանակին»), ապա՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը(«Թող ոչ ոքի չկանչեն/ Ճանապարհներն իմ անցած»):

Ասմունքեցին նաեւ դպրոցականներ Ադելա Առաքելյանը, Գառնիկ Սարգսյանը, Կոլյա Հովսեփյանը, Էրիկ Հովհաննիսյանը, Անի Սարգսյանը, Էլեն Դավթյանը եւ ուրիշներ:

Բոլորն ասմունքում էին Համո Սահյանի ստեղծագործություններից: Բացառություն էր միայն Էլեն Դավթյանը, ով արտասանեց Աշոտ Մինասյանի հեղինակած «Դու ուրցի բույրով եկար» բանաստեղծությունը:

Սամվել Ալեքսանյանն էլ ընթերցեց Համո Սահյանի՝ ազգային մեր երազանքն արտացոլող ստեղծագործություններից մեկը՝ «Մայրամուտ»:

Ահա՝

Մասյաց գագաթին

Խարույկդ վառած մեռնեի,

Արեւից, հողից, հողմերից,

Կարոտս առած մեռնեի:

Իմ վերջին հառաչքի միջից

Գոհության ճիչը բողբոջեր,

Արտերս, արտերս վարած,

Պարտքերս մարած մեռնեի:

Այդ ընթացքում տուն-թանգարանի բակը լցվել էր սահյանական պոեզիայի հարյուրավոր երկրպագուներով ինչպես Սիսիանից, այնպես էլ մերձակա գյուղերից:

Տուն-թանգարանից հեռանալիս բոլորս նույն համոզմունքն ունեինք՝ այցելել Համո Սահյանի հայրական տուն՝ նշանակում է երիցս պարզաջրվել Սահյանի քնարական հերոսի՝ Հայ մարդու բարոյականությամբ, նշանակում է վերստին առերեսվել Հայ մարդու՝ մեր ուզած տեսակի հետ, նշանակում է կրկին հավաստել մեր հավատամքը Սահյանի ամենաարդիական պատվիրաններից մեկին՝ մենք ենք մեր երկրի ե՛ւ տերը, ե՛ւ մշակը:

Երբ հինգ տարի առաջ հրատարակվեց «Սյունյաց երկրի» հատուկ համար՝ նվիրված Համո Սահյանի 100-ամյակին, մեր՝ հոգեհարազատությամբ լցված խմբագրականն այսպես ավարտեցինք՝ «… Երանի նրանց, ովքեր Համո Սահյանին իրենց ուսուցիչ եւ նախնի համարելու իրավունք կվաստակեն՝ նաեւ իրենց ապրած կյանքով, ապրելու իրենց բանաձեւով»:

Այդ եզրակացություն-բաղձանքն այսօր էլ արդիական է՝ մեծ քնարերգուի ծննդից 105 տարի անց:

 

 

 

 

 «Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: