01/18/2026

Լեփսիուսի փողոցում հնչած կրակոցների հետևանքով մահացած երիտասարդը «Արարատ 2» ակումբի դարպասապահն էր

Լեփսիուսի փողոցում հնչած կրակոցների հետևանքով մահացած երիտասարդը «Արարատ 2» ակումբի դարպասապահն էր

 Լեփսիուսի փողոցում հնչած կրակոցների հետևանքով մահացած 23-ամյա երիտասարդը «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահն էր։

«Ցավոք, մահացածը մեր երկրորդ թիմի դարպասպահ Մուշեղ Ղևոնդյանն է», - Aysor.am-ին հայտնեցին «Արարատ» ակումբից։
Հիշեցնենք՝ երեկ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ–ից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով  իրենց մոտ է տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Նույն օրը «Քանաքեռ -Զեյթուն» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 թվականին ծնված երիտասարդ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները մարմնական վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցում, որտեղ դեռևս ինքնությունը չպարզված անձը կրակ է բացել նրանց ուղղությամբ:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

 

Հեղինակ՝ Անի Վարդանյան

aysor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: