01/19/2026

Բանակում մարզական վաշտ կստեղծվի. Տոնոյանը հայտնեց` երբ կյանքի կկոչվի նախաձեռնությունը

Բանակում մարզական վաշտ կստեղծվի. Տոնոյանը հայտնեց` երբ կյանքի կկոչվի նախաձեռնությունը

Պաշտպանության նախարարը խոսեց բանակում ստեղծվող նոր ստորաբաժանման մասին, որտեղ ծառայություն կանցնեն բացառապես մարզիկները։

Բանակում մարզական վաշտի վերականգնումը անհրաժեշտություն է։ Այսօր ԱԺ–ում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հարցին։

Ջուլֆալակյանի հարցը վերաբերում էր բանակի մարզական ակումբի վերաբացմանը` ԲԿՄԱ–ին։

«Բայց պետք է նշեմ, որ սպորտում որոշակի հաջողության հասած մեր սպորտսմենները արդեն իսկ ազատվում են ծառայությունից` տարկետման իրավունք ստանալու միջոցով, որպեսզի չկորցնեն սպորտում հաջողությունների հասնելու իրենց ոսկե տարիքը»,– ասաց նախարարը։

Այդուհանդերձ, նա նաև տեղեկացրեց, որ բանակում մարզական վաշտ ստեղծելու նախաձեռնությունը ընթացքի մեջ է և առաջիկա զորակոչին այդ հնարավորությունը կյանքի կկոչվի։

«Մենք ունենք համապատասխան չափանիշներով զորակոչվող արդի տեխնոլոգիաների վաշտ, որտեղ զորակոչվում ու իրենց ծառայությունն են անցկացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական չափանիշներին համապատասխանող երիտասարդները` կիբեռվաշտը։ Ունենք նաև ճարտարագիտական վաշտ, որտեղ այդ ոլորտում որոշ մակարդակի հասած երիտասարդներն են զորակոչվում։ Ունենք նվագախումբ, ունենք պարի, մշակութային ստորաբաժանումներ»,– ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ տարբեր բնագավառներում առանձնահատուկ հմտություններ ունեցող զորակոչիկների համար բանակում համապատասխան ստորաբաժանումներ կան, և նրա խոսքով` ավելին անելու կարիք չկա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է բանակցել Պաշտպանության նախարարության հետ՝ ԲԿՄԱ-ի վերստեղծման համար:



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: