01/19/2026

Հայ ժողովրդի այցեքարտը

Հայ ժողովրդի այցեքարտը

Սյունիքի մարզային գրադարանի մշակույթի բաժնում ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում անցկացվեց ցերեկույթ` «Հայ ժողովրդի այցեքարտը» խորագրով։ Մարզային գրադարանի մշակույթի բաժնի վարիչ Ելենա Լալազարյանը նախ հիշատակեց մեր ազգի այն մեծերի անունները (Կոմիտաս, Թումանյան, Անդրանիկ), որոնց 150-ամյա հոբելյանը լրանում է այս տարի։ Այնուհետեւ անդրադարձավ հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, երաժիշտ-բանահավաք, խմբավար ու մանկավարժ Կոմիտասի կյանքին ու գործին, ում նվիրված էր ցերեկույթը։

Վաղ հասակում որբացած պատանու համար վճռորոշ է եղել 1881 թվականը, երբ ուսման են տվել Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, որտեղ գեղեցիկ ձայնի եւ կատարողական ունակության համար հատուկ ուշադրություն է դարձվել նրա երաժշտական դաստիարակությանը։ Հետո Խրիմյան Հայրիկի բարեխոսությամբ եւ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի աջակցությամբ մեկնում է Բեռլին` կրթություն ստանալու։ Ընդունվում է հռչակավոր Հումբոլդտի համալսարանը։ Տարիներ անց եվրոպական երաժշտության եւ փիլիսոփայական մտքի ահռելի պաշարով վերադառնալով հայրենիք` Կոմիտասը ճամփորդում է Հայաստանի շրջաններով եւ գյուղերով` հավաքելով եւ մշակելով հարյուրավոր ժողովրդական երգեր, որոնք շուտով իր ստեղծած երգչախմբի հետ ներկայացնում է Եվրոպայում։ 1915-ին վերապրելով Հայոց մեծ ցեղասպանության մղձավանջը` կորցնում է մտավոր հավասարակշռությունը, 1915-ին տեղափոխվում է Փարիզ եւ մինչեւ կյանքի վերջը մնում հոգեբուժարանում։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին տեսաֆիլմեր, որոնց միջոցով ավելի ամբողջացավ Կոմիտասի կերպարը։ Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի երգեցողության դասատու Թերեզա Հովհաննիսյանը կատարեց մեծ երգահանի մշակած երգերից` «Սոնա յար», «Չինար ես», «Կաքավիկ» եւ այլն։ Էկրանից հնչեց «Հորովելը»` Կոմիտասի կատարմամբ։ Նաեւ հայտնվեց, որ Հոլիվուդում ֆիլմ է նկարահանվելու Կոմիտասի մասին։

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: