01/19/2026

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դավիթ Սանասարյանի գործին

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դավիթ Սանասարյանի գործին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է այն քննարկումներին, որ ծավալվում են լիազորությունները ժամանակավոր դադարեցված՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ եզրակացությունը մեկն է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։

«Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձեւ։ Թքած ճշմարտության եւ ճշմարտության շահերի վրա, թքած հեղափոխության ու նրա արժեքների վրա։ Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական։ Ով սա դեռ չի հասկացել, թող մնա ուրեմն սերժանտական նոստալգիայի անուրջներում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից ու արդարությունից, «բեսպրեդել»-ի ու հովանավորչության անթույլատրելիությունից։

«Ու եթե անցել են իրենց գծած գիծը, նրանց մեղադրանքը միայն քրեական օրենսգրքով չի լինելու, նրանց մեղադրանքը լինելու է ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ։ Սա ասում եմ՝ առանց որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու։ Թողեք նորմալ քննություն ընթանա։ Եթե դուք չթողնեք, ես դա կապահովեմ։ Օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: