01/19/2026

Դավիթ Տոնոյանը, Սուրեն Պապիկյանը, ՀՀ մարզպետներն ու Հայկ Մարությանն այցելել են Արցախ

Դավիթ Տոնոյանը, Սուրեն Պապիկյանը, ՀՀ մարզպետներն ու Հայկ Մարությանն այցելել են Արցախ

Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության ոլորտում առկա համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 19-ին Արցախ են ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները, պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների միջև քաղաքացիական համակարգի պատրաստության և պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման ու փոխգործողությունների արդյունավետության բարձրացման շրջանակում ապրիլի 20-ին բանակի շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ:

Այնուհետև կազմակերպվել է այց բանակի խորացված հրամանատարական կետ, որտեղ ԱՀ ՊՆ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ներկայացրել է հակառակորդի հավանական գործողությունների բնույթն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները:

Այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները եղել են նաև ռազմական նշանակության ապրանքներ թողարկող արտադրամասերում:

Միջոցառման երկրորդ օրը ՀՀ-ից ժամանած բարձրաստիճան հյուրերը այցելել են հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս, շնորհավորել դիրքապահ անձնակազմին Սուրբ Զատիկի կապակցությամբ, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, ծանոթացել հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահության կրման խնդիրներին ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև գործնականում պարզորոշել հարակից վարչական շրջանների և բանակային ստորաբաժանումների ղեկավարների միջև առկա փոխհամագործակցության առանձնահատկությունները:

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: