01/19/2026

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվել է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվել է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 21-ին, մայրաքաղաքի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվել է տոնական միջոցառում՝ նվիրված Սուրբ Զատկին:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  Մայր Տաճարում Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ մատուցվել է պատարագ, որից հետո կատարվել է ձվօրհնեք:

Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,  խոսելով Սուրբ Զատկի տոնի մասին, ասել է. «Ուրախ, փրկական, հաղթական, ամենամեծ Սուրբ Ավետիսն եմ բերում բոլորիդ Ստեփանակերտի նորակառույց Մայր Տաճարի սուրբ խորանից: Աստված իր միածին Որդուն զոհաբերեց մեր փրկության համար՝ աստվածամարդ դարձնելու նպատակով: Ահա Հարության տոնի մեծ և սքանչելի խորհուրդը և մեր ճշմարիտ հավատքի փրկական  էությունն ու իմաստը: Ուրախացեք, ապրեք, հավատացեք, բարի գործերով ձեզ զարդարեք և խնդրեք Տիրոջից խաղաղություն ու սեր՝ հանուն համայն աշխարհի: Թող Հարուցյալ Քրիստոսն օրհնի մեր ազգն ու հայրենիքը, բանակն ու եկեղեցին, մեծին ու փոքրին՝ շնորհելով մեզ Սուրբ Հարության փրկական ու հաղթական ոգին»: 
Միջոցառմանը մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներն ու նախադպրոցական հաստատությունները  զատկական սեղաններ էին պատրաստել՝  ցուցահանդես-վաճառքի համար:
 

Մայրաքաղաքի  մշակույթի  կենտրոնների  սաները  հանդես  են   եկել     ազգային  երգ  ու   պարով:
 
 
Մեզ հետ զրույցում ԱՀ մշակույթի, երտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի առաջատար մասնագետ Զարինե Բաբայանն ասել է, որ արդեն 3-րդ տարին է, ինչ իրենք նախաձեռնում են նման միջոցառում, որի նպատակն է հասարակությանը մոտ պահել եկեղեցական ծիսակարգերին և աշխուժություն մտցնել հանրության շրջանում:
 
 
Զատկական միջոցառմանը մասնակցում էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը,ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը , պետական այրեր, հավատացյալներ և այլք:

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: