01/19/2026

Ինչպես է քուրդ էմիրի դամբարանը հայտնվել հայկական 5000-անոցի վրա. ԿԲ պարզաբանումը

Ինչպես է քուրդ էմիրի դամբարանը հայտնվել հայկական 5000-անոցի վրա. ԿԲ պարզաբանումը

Կենտրոնական բանկն արձագանքել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գրառմանը 5000-անոց նոր թղթադրամի դարձերեսի վերաբերյալ: Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ առաջին անգամ ձեռքը վերցնելով 5000 դրամանոցը, նկատել է. «Նայում եմ դիմային երեսին` Վիլյամ Սարոյանի դիմապատկերն է. շատ բարի, շրջում եմ թղթադրամի մյուս երեսը, ուր Բաղեշ քաղաքի ուրվանկարն է: Այստեղ միայն մեկ կառույց, որ ձախ անկյունում առաջին պլանով է ներկայացված` քաղաքի մահմեդական պաշտամունքային բազմաթիվ կառույցներից մեկն է` 1533 թ. կառուցված Շերեֆ խան Դ-ի դամբարանը Շերեֆիյե հուշարձանախմբում: Անակնկալի եկած համակվում եմ զայրույթի զգացումով»: Գրառումը քննարկումներ է առաջացրել Ֆեյսբուքում, այն ավելի քան 550 անգամ վերահրապարակվել է:

Կարապետյանը նշում է, որ նկարիչը, հավանաբար, ցանկացել է որևէ հայկական պատկեր զետեղել, «որն իհարկե ներկա մտայնությամբ պետք է լիներ վանք կամ եկեղեցի ու կանգ է առել այս գուցե ոչ հմուտ աչքի համար եկեղեցանման գմբեթավոր շինության վրա, թերևս կարծելով, որ եթե գմբեթավոր է ուրեմն հայկական եկեղեցի է»: ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը, aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հուշարձանագետի ֆեյսբուքյան այն գրառմանը, նշել է ոչ մի տեղ չի ասվում, որ իրենք ցանկացել ենք եկեղեցի ցույց տալ։ «Մենք ներկայացրել ենք Բաղեշ քաղաքի՝ 20-րդ դարասկզբի հայտնի համայնապատկերներից մեկը՝ 5 լուսանկար, որոնք որոշակի մշակման ադյունքում ստացել են այն տեսքը, որն առկա է», – նշել է նա:

ՀՀ կենտրոնական բանկը, երրորդ սերնդի թղթադրամները դեռևս շրջանառության մեջ դնելուց առաջ, իր պաշտոնական կայքում հրապարակել է դրանց մասին հիմնական նկարագրությունը, որը ներառում է թղթադրամների չափի, հիմնական գունային գամմայի, դիմերեսի և դարձերեսի պատկերների մասին ինֆորմացիա։

«Կոնկրետ 5 հազար դրամանոցի մասին կարդում ենք, որ … դարձերեսին Վիլյամ Սարոյանի արձանն է Երևանում, որի ֆոնին իր նախնիների ծննդավայր Բաղեշի՝ 20-րդ դարի համայնապատկերն է», – ասել է Բերբերյանը։

Տեղեկացնենք, որ Շարաֆ խան Բիթլիսին քուրդ էմիր է, որը կառավարել է Բաղեշը: Նա նաև պատմագիր է, պոետ:

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: