01/19/2026

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ն. Հովհաննիսյանին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ն. Հովհաննիսյանին

Հարգելի տիկին Հովհաննիսյան

Ձեր որոշմամբ (24.10.2018 թ.) կասեցվել է թիվ 41159818 քրեական գործի վարույթը՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:

Որոշման պատճենն ուղարկել եք նաեւ հետաքննության մարմին (ոստիականության Կապանի բաժին)՝ համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու համար:

Մինչեւ այժմ, սակայն, որեւէ տեղաշարժ չկա այդ ուղղությամբ եւ մասնավորապես հանցագործին հայտնաբերելու հարցում, ինչը մտահոգվելու տեղիք է տալիս:

Ստեղծված իրավիճակում մեզ մտահոգում է հատկապես հանգամանքը, որի մասին տեղեկացրել ենք  Ձեզ՝ հարցաքննության ժամանակ, բայց, որքան էլ տարօրինակ է, այդ մասին որեւէ ակնարկ անգամ  չկա քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշման մեջ:

Խոսքն այն մասին է, որ 2018 թ. օգոստոսի 13-ի դեպքից մի քանի օր հետո ինձ զանգահարել է Կապանի ոստիկանապետի տեղակալ Դավիթ Սուրենյանը եւ տեղեկացրել, որ իմ հեռախոսի վրա է ուղարկել մի երիտասարդի լուսանկար, ով ենթադրյալ հանցագործն է, եւ ուզում է ճշտել դիտարկումս՝ որքանո՞վ է այդ արարածը նման ինձ վրա հարձակված երիտասարդին:

Ես պատասխանել եմ (ուղարկված լուսանկարը զննելուց հետո), որ շատ նման է, բայց չեմ կարող ստույգ ասել եւ պնդել, թե ինքն է:

Նույն հեռախոսազանգի ժամանակ փոխոստիկանապետն ասել է նաեւ, որ իրենք ճշտել են, թե տվյալ շենքի նույն մուտքի վերին հարկից եւ ում տնից նույն ժամին ով է դուրս եկել, ով միակն էր, որ կարող էր ինձ հանդիպել այդ րոպեներին, ով նման է ուղարկված լուսանկարի մարդուն:

Մինչդեռ՝ ենթադրյալ հանցագործի եւ իմ միջեւ առերեսում չի կազմակերպվել:

Առերեսում չի կատարվել ենթադրյալ հանցագործի եւ շենքի մուտքի մոտ կանգնած անձանց միջեւ, ովքեր տեսել են հանցագործին:

Հինգ-վեց մարդ (ինձնից բացի) տեսել են հանցագործին, բայց մինչեւ այսօր անգամ ֆոտոռոբոտ չի պատրաստվել եւ համապատասխան որոնողական աշխատանքներ չեն տարվել դրա հիման վրա:

Մենք շարունակում ենք պնդել, որ 2019 թ. փետրվարի 5-ին «Սյունյաց երկրի» մեքենան չէին հրկիզի, եթե 2018 թ. օգոստոսի 13-ի դեպքը՝ թերթի խմբագրի վրա հարձակումը, բացահայտված լիներ:

Ելնելով վերը շարադրվածից, խնդրում ենք պատասխանել ստորեւ նշվող հարցերին:

  1. Ո՞ւմ բնակարանից է 2018 թ. օգոստոսի 13-ին ժամը 18.40-ին կամ 18.45-ին դուրս եկել ենթադրյալ հանցագործը, ով միակ մարդն է եղել, որ այդ ժամին աստիճանների վրա հանդիպել է թերթի խմբագրին (ի դեպ, Կապանում խոսակցություններ են շրջանառվում, որ այդ տիկինը, ում տնից ելել է ենթադրյալ հանցագործը, ոստիկանության աշխատակից է):
  2. Հարցաքննվե՞լ է արդյոք այն տիկինը, ում բնակարանից դուրս է եկել ենթադրյալ հանցագործը:
  3. Ինչո՞ւ առերեսում չի կատարվել թերթի խմբագրի ու ենթադրյալ հանցագործի, ինչպես եւ ենթադրյալ հանցագործի ու շենքի մուտքի մոտ կանգնած մարդկանց միջեւ:
  4. Հարցաքննվե՞լ է արդյոք Կապանի փոխոստիկանապետը, ով թերթի խմբագրին է ուղարկել ենթադրյալ հանցագործի լուսանկարը, ով խմբագրին տեղեկություններ է տվել ենթադրյալ հանցագործի՝ շենքի վերին հարկից նույն րոպեներին դուրս գալու մասին:
  5. Ինչո՞ւ չի կազմվել ենթադրյալ հանցագործի ֆոտոռոբոտը, մանավանդ որ բազմաթիվ մարդիկ տեսել են նրա դեմքը:

Ու ինչո՞ւ կասեցված գործով հանցագործի որոնում չի կատարվում:

  1.  Եվ, իհարկե, ինչո՞ւ վերոնշյալ քննչական-դատավարական գործողությունները չկատարելու պարագայում Դուք կասեցրել եք նշված քրեական գործի վարույթը:

Հիշեցնում ենք, որ թիվ 41159818 քրեական գործը հարուցվել է թերթի խմբագրին սպանելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի առիթով (ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մաս):

Մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ վերոնշյալ հարցերի պատասխանը սկզբունքային նշանակություն ունի խմբագրության մեքենան հրկիզող հանցագործին եւ պատվիրատուին հայտնաբերելու համար:

Տեղյակ ենք պահում նաեւ, որ Ձեր պատասխանները ներկայացվելու են թիվ 41151119 քրեական գործի քննությունն իրականացնող քննիչին, ով զբաղվում է «Սյունյաց երկիր» թերթի մեքենան 2019 թ. փետրվարի 5-ին հրկիզելու փաստով:

 

Սամվել Ալեքսանյան

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

30  ապրիլի 2019 թ.

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: