01/19/2026

Ականատես կլինենք ռազմական գործողությունների. Արցախի նախագահի խորհրդական

Ականատես կլինենք ռազմական գործողությունների. Արցախի նախագահի խորհրդական

Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներաամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով:

Araratnews.am-ը զանգահարեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին՝  իմանալու, թե ինչո՛ւ է Ադրբեջանն այսքան ակտիվ: Նախագահի խորհրդականը հիշեցրեց՝  արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինժեներական աշխատանքները սկսվել են մի քանի ամիս առաջ: «Դրական փոփոխություն եղել է միայն հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի նվազեցման առումով, իսկ ինժեներական աշխատանքներ եւ տարբեր բնույթի զորավարժություններ եղել են: Այսինքն՝ Բաքվի ակտիվությունը չի էլ նվազել»,- ասաց նա:

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի ակտվությունը պայմանավորված է բանակցությունների չվերսկսմամբ: «Ճիշտ է, հանդիպումներ եղան, որքան էլ լավատեսական հայտարարություններ եղան, բանակցային դաշտ չձեւավորվեց»,-  նկատեց է մեր զրուցակիցը:

Տիգրան Աբրահամյանը կարծիքով՝ հակառակորդի ակտիվությունը առաջնագծում իրավիճակի սրացման կհանգեցնի, քանի որ Բաքուն շանտաժի հին մեթոդով է առաջնորդվում:

Արդյո՞ք սա լայնածավալ պատերազմի նշան չէ: Արցախի նախագահի խորհրդականը  Ադրբեջանի ակտիվությունը համարեց սպառնալիք եւ իրավիճակն արագ փոփոխվելու նշան. «Առաջնագծում տեսանելի գործընթացները հիմք են տալիս պնդելու՝ շատ կարճ ժամանակում մենք ականատես ենք լինելու լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Եթե իրավիճակը կտրուկ չփոխվի, Ադրբեջանը հետ չկանգնի իր արկածախնդրությունից, միջազգային հանրությունը գործուն քայլեր չձեռնարկի  իրավիճակի լիցքաթափման համար, կլինի իրավիճակի առավել լարվածություն»:

Հնարավո՞ր է, որ լարվածության պատճառը լինի Թուրքիայի ակտիվությունն Ադրբեջանում՝ ազերի զինվորների վերապատրաստումը հանգեցրել է հրադադարի ռեժիմի խախտման աճին: «Մի քանի զորատեսակներ կան, որոնք վերապատրաստվում են Թուրքիայի տարբեր ստորաբաժանումներում: Առաջինը հատուկ ստորաբաժանումներն են, որոնք իրենց ակտիվ ներկայությունն  ունեն մարտական գործողություններում: Ադրբեջանը երբեք էլ չի հերքել, որ իրենց ստորաբաժանումները վերապատրաստվում են Թուրքիայում: Էլ չեմ ասում Թուրքիայի հայտարարությունը Արցախի խնդրի մասին ու ընդհանրապես նրա բացասական ազդեցությունը»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը:

Սոնա Դավթյան

araratnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: