01/19/2026

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ

Կառավարության նիստերը կլինեն դռնբաց՝ բացառությամբ վարչապետի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հիմնական զեկուցող,  ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց այն և մի շարք այլ փոփոխություններ, որոնք մշակվել են առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:

«Նախկին խմբագրությամբ սահմանվել էր, որ վարչապետի որոշմամբ ոչ միայն կառավարության նիստի մի մասը, այլ նիստն ամբողջությամբ կարող է անցկացվել դռնբաց, սակայն ըստ ընդունված առաջարկի այն ձևակերպվում է հետևյալ կերպ՝ կառավարության նիստերը դռնբաց են՝ բացառությամբ վարչապետի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի»,-ասաց Զեյնալյանը:

Փոփոխություն է կատարվել նաև նախարարության առաջարկվող անվան մեջ: Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը վերանվանվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության: Նախարարության գործառույթները լրացվել են ռազմարդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցության գործառույթով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարությունը զբաղվելու է ռազմարդյունաբերության համալիրի արդիականացման, արտադրանքի ստեղծման և արտադրանքի շուկաներում և արտաքին շուկաներում դրանց վաճառքի խթանման հարցերով:

Զեյնալյանի խոսքով՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը նախատեսվել է որպես հայեցողական պաշտոն, և սահմանվել են որոշակի չափորոշիչներ՝ նշված պաշտոնում նշանակում կատարելու համար: Նախագծի համաձայն պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, հայերենին տիրապետող. ինչպես նաև առնվազն երկու օտար լեզվի իմացությամբ անձը:

Նախագծի ամբողջական ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

 

ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի առաջին ընթերցմանը դեմ էին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: