01/19/2026

Նիկոլ Փաշինյանը զարմացավ. իր ներխուժումից կոտրված դուռը դեռ չէր վերանորոգվել

Նիկոլ Փաշինյանը զարմացավ. իր ներխուժումից կոտրված դուռը դեռ չէր վերանորոգվել

Այսօր Ռադիոյի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային ռադիո՝ շնորհավորելու Հայաստանում գործող բոլոր ռադիոների աշխատակիցներին: Նա նշել է, որ ինքը Հանրային ռադիոյի ակտիվ ունկնդիրներից  է եղել, հատկապես «Ոսկե ֆոնդի» սիրահարը: Նա նաև հույս է հայտնել, որ Հանրային ռադիոն կվերականգնի իր նախկին համբավը:

«Խորհրդային տարիներին հայկական ռադիոն հայտնի էր նաև իր հումորով, հուսով եմ` այդ հայտնիությունն էլի ձեռք կբերի ու շուտով»:

Վարչապետը նաև հիշեց, որ մոտ 1 տարի առաջ Հանրային ռադիոյում այլ կարգավիճակով էր:

«Ես ուրախ եմ, որ այսօր կրկին այդ նույն սենյակում եմ, ինչ նախորդ տարի` ապրիլի 14-ին, երբ ես ներխուժել էի: Էլի եմ ներողություն խնդրում բոլոր այն աշխատակիցներից, որոնք այդ օրը մեր գործողությունների պատճառով անհարմարություններ են ունեցել: Դա քաղաքացիական քայլ էր: Ըստ էության, ստացվում է` ես եկա այստեղ կիսատ գործս ավարտին հասցնելու: Այն ժամանակ ես այս ստուդիա մտել էի ուղիղ եթերի ակնկալիքով: Էն ժամանակ չստացվեց, հիմա ստացվեց»:

Ի տարբերություն նախորդ անգամվա այցի, այս անգամ Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեց պատասխանել հարցերի`նշելով, որ մայիսի 8-ին անցկացվող ասուլիսին ներկայացնելու է 100 փաստ նոր Հայաստանի մասին:

«Մենք պատրաստվում ենք բարձրացնել զինվորականների աշխատավարձերը, ուսուցիչների աշխատավարձերը և այս տարի պլանավորում ենք 100 մլն դոլարից ավելի կապիտալ ծախսեր, որոնք մեր հաշվարկով պիտի խթանեն տնտեսությունը»:

Վարչապետն այլ մանրամասներ չներկայացրեց՝ վաղվա ասուլիսի ասելիքը չմասնատելու համար:

Զրույցից հետո Նիկոլ Փաշինյանը շրջեց նաև ռադիոյի շենքում՝ աշխատակիցներին շնորհավորելու և տոնական տորթը համտեսելու համար: Ի դեպ, դեռ այցի սկզբում վարչապետը զարմացել էր՝ տեսնելով դեռ նախորդ տարվա ներխուժումից կոտրված դուռը չվերանորոգված: Մինչև զրույցի ավարտը դուռը նորոգվեց: Վարչապետն անձամբ ստուգեց ու ռադիոյի աշխատակիցներին շնորհավորեց նաև դռան նորոգման առթիվ:

shantnews.am

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: