Այսօր լրանում է Շուշիի ազատագրման 27 տարին:
Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թ. մայիսի 8-ին ռազմավարական կարեւոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին եւ արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը:
Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին հետևյալ մանրամասներով.
- Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլու գյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ։
- Մեր խնդիրը՝
- ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում,
- ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը),
- հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից։
- Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Քյոսալարում, Լիսագորում, Զառսլուում, Շուշիի մատույցներում ու քաղաքի ամբողջ շրջագծով։
Հակառակորդին ջախջախելու միջոցները՝ գրավել բարձունքը և դիրքավորվել այնտեղ։ Ուժերի վերախմբավորումից հետո, նույն ժամանակում սկսել հարձակումը Լիսագորի ու Զառսլուի վրա և հարձակման անցնել 4 ուղղություններով.
- Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար՝ Ա. Կարապետյան,
- «26-ի» (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ. Չիթչյան,
- Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Սամվել Բաբայան,
- Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Սեյրան Օհանյան, պահեստազորի հրամանատար՝ Յ. Հովհաննիսյան։
1992 թ. մայիսի 8-ին, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը, ինչպես նաեւ միջնորդ երկրի՝ Իրանի, նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին ԼՂ հակամարտության կարգավորման մասին ստորագրում են համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ Մահմուդ Վայեզին պետք է կրկին ժամաներ տարածաշրջան՝ Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ, զինադադարն իրականացնելու համապատասխան մեխանիզմներ մշակելու համար։ Իրանն առաջին երկիրն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հանդես է եկել միջնորդական առաքելությամբ։
Մայիսի 8-ին՝ այդ նույն հայտարարության ստորագրման օրը, հայկական զինուժի կողմից ազատագրվեց Շուշին, որից հետո էլ ընդհատվեց Իրանի միջնորդական առաքելությունը։
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-9-ին։ Մշակման եւ իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը:
armtimes.com