01/20/2026

Կստեղծվի ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգ

Կստեղծվի ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը:

Հիմնավորման համաձայն՝ հանրապետությունում հասցեների ճշգրիտ և լիարժեք ռեեստր ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ հավաստի, չկրկնվող և ամբողջական տեղեկատվություն ՀՀ հասցեների վերաբերյալ: Նշված արդյունքին հասնելու համար պետք է հստակեցնել և պարզեցնել բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական oբյեկտների անվանակոչման և անվանափոխման գրանցման և անշարժ գույքի համարակալման, հաuցեավորման ընթացակարգերը՝ դրանք դարձնելով համակարգված և ինքնաշխատ: Անհրաժեշտ է ապահովել անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվության միատեսակությունը պետական մարմինների գործառույթների իրականացման գործում` բացառելով անշարժ գույքի տարբեր օբյեկտների նույնական հասցեների առկայությունը: Ըստ այդմ՝ հայեցակարգի ընդունումը հիմք կհանդիսանա ոլորտի բարեփոխումների համար, առկա խնդիրներին կտրվեն համապատասխան լուծումներ: Մասնավորապես, հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ինքնաշխատ տեղեկատվական համակարգ ստեղծելով և այն կառավարության փոխգործելիության հարթակին համակցելով՝ հասցեների ռեեստրում ներառված տեղեկատվությունն առցանց տարբերակով կթարմացվի և հասցեի անվանափոխման, համարակալման ցանկացած փոփոխություն անմիջապես կարտացոլվի համակարգում և հասանելի կլինի օգտվողների համար: Տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորություն կստանան մուտք գործելու համակարգ և ներկայացնելու անշարժ գույքի հասցեավորման կամ համարակալման հայտ, ռեեստրի տեղեկատվությունն ինքնաշխատ ձևով կարտացոլվի կադաստրային, ինչպես նաև առցանց տիրույթում առկա քարտեզներում (Google Maps, Yandex.Map և այլն):

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը մի շարք մտահոգություններ է ներկայացրել հայեցակարգի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարել է իր մտահոգությունները քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացնել գրավոր, և եթե պարզվի, որ ներկայացված խնդիրներն իրոք առկա են, ապա կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: