01/20/2026

Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նախնական նիստը

Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նախնական նիստը

Մեկնարկում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով նախնական դատական նիստը։

Այս նիստում բացառապես քննարկվելու է խափանման միջոցի հարցը:

Ռոբերտ Քոչարյանը ներկա է նիստին։

Պաշտոնաթող նախագահը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ, երբ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել, որ տվյալ ժամանակաշրջանում հանդիսանալով պաշտպանության նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գևորգյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել, որ տվյալ ժամանակաշրջանում զբաղեցնելով Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու սահմանադրական կարգը։

Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության, Գևորգյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2008-ի ապրիլին գործարար Սիլվա Համբարձումյանից Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք, ինչպես նաև օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: