01/20/2026

Փաշինյանը դատարանների ելումուտը փակելու կոչով խախտում է Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքը. Արթուր Ղազինյան

Փաշինյանը դատարանների ելումուտը փակելու կոչով խախտում է Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքը. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ արգելափակել դատարանները, խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքը՝ կոպտագույն ձևով միջամտելով դատական իշխանության գործունեությանը։

Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից, պահպանել քաղաքացիական զգոնություն, մնալ ՀՀ օրենսդրության սահմաններում և չտրվել սադրանքների։

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է իշխանությունների բաժանումը և իշխանության թևերի անկախությունը, զսպումների և հակակշիռների համակարգը։

ՀՀ գործադիր իշխանության ղեկավարն իր այսօրվա կոչով առերևույթ խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքը, կոպտագույն ձևով միջամտելով դատական իշխանության գործունեությանը։

ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում ապահովել հասարակական կարգի պահպանությունը և պետական ու ազգային ինստիտուտների անվտանգությունը և նրանց բնականոն գործունեությունը»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վաղը առավոտյան արգելափակում են հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը: 

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,-գրել էր նա:

Ավելի վաղ դատարանը փոխել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորությամբ էին հանդես եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

tert.am 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: