01/11/2025

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրերը շրջափակված են

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրերը շրջափակված են

«Սյունյաց երկիր» թերթի ներկայացուցիչներն առավոտվանից գտնվում են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի եւ նրա տարածաշրջանային նստավայրերի մոտ:

Ժամը 9-ի դրությամբ Կապանում՝ դատարանի մուտքի մոտ, հավաքվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ 50 ակտիվիստ:Դատավորները ժամը 9-ի դրությամբ չէին մտել դատարանի շենք:

Դեռեւս պարզ չէ՝ նախապես նշանակված դատական նիստերը տեղի՞ կունենան, թե՞ ոչ:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի մոտ հավաքվածների թիվը ժամը 9-ի դրությամբ հասնում էր մոտ երկու տասնյակի. նրանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչներ են:

Այնտեղ են «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավորներ Տիգրան Կարապետյանն ու Արմեն Խաչատրյանը:

Դատավոր Մուրադ Հովակիմյանը չի մտել դատարանի շենք, եւ, ըստ որոշ տեղեկությունների, ժամը 12-ին հանդես կգա հայտարարությամբ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ 15 անդամ շրջափակել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մեղրու նստավայրը:

Այնտեղ նույնպես աշխատողները չեն փորձել մտնել աշխատավայր:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրի մոտ  ժամը 9-ի դրությամբ հավաքվել էին մոտ երեսուն «Ք.Պ.» -ականներ:

Մեզ հաջողվեց հեռախոսազրույց ունենալ Սիսիանի տարածաշրջանի դատավոր Իգնատ Բեգլարյանի հետ, ով չէր գտնվում դատարանի նստավայրի ներսում եւ մասնավորապես ասաց. «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել հանրապետության վարչապետի՝ դատարանները շրջափակելու կոչ-հորդորը, չեմ էլ փորձում մտնել դատարանի շենք, որը կարող է անհարկի կոնֆլիկտների տեղիք տալ, ի վերջո դա մեկ անձի դեմ ուղղված քայլ չէ…»:

Իգնատ Բեգլարյանի տեղեկացմամբ՝ Սիսիանում այսօր դատական նիստեր նշանակված չեն, եւ առայժմ խոսք չի կարող լինել դատական նիստերի ձախողման կամ հետաձգման մասին:

Բոլոր դատական շենքերի մոտ հերթապահում են ոստիկանները, շտապ օգնության մեքենաները, ինչպես եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Այս պահի դրությամբ իրավիճակը խաղաղ ընթացքի մեջ է, կոնֆլիկտներ չեն գրանցվել:

Դատարանները շրջափակելուց բացի դատարանների մերձակայքում հավաքված են նաեւ տեղ-տեղ խմբված թամաշա անողները:

«Սյունյաց երկիր» 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: