01/20/2026

Վայրի պոլիոմելիտի դեպք Իրանում. վտանգը մեծ է, որ վիրուսը կարող է նաև ՀՀ ներթափանցել

Վայրի պոլիոմելիտի դեպք Իրանում. վտանգը մեծ է, որ վիրուսը կարող է նաև ՀՀ ներթափանցել

Հայաստանում վերջին անգամ 1995-ին է գրանցվել պոլիոմելիտի դեպք, մինչ այդ վիրուսը տարեկան 2-3 երեխայի՝ հաշմանդամություն ձեռք բերելու պատճառ էր հանդիսանում։

 Իրանում հայտնաբերվել է վայրի պոլիոմելիտի հարուցիչ, վտանգը բավականին մեծ է, որ վիրուսը կարող է նաև Հայաստան ներթափանցել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը։

«Աշխարհում միայն Պակիստանում, Նիգերիայում և Աֆղանստանում է շարունակվում շրջանառվել վայրի պոլիոմելիտի վիրուսը, և Իրան այն ներթափանցել է Պակիստանից։ Հայաստանում պատվաստումների նվազում է նկատվում, ինչը պարարտ հող է՝ վարակների տարածման համար։ Մեր երկրում վերջին անգամ 1995-ին է գրանցվել պոլիոմելիտի դեպք, իսկ մինչ այդ վիրուսը տարեկան 2-3 երեխայի՝ հաշմանդամություն ձեռք բերելու պատճառ էր հանդիսանում»,-ասաց նա։

Նա հայտնեց նաև, որ պոլիոմելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է, որով վարակվում են հիմնականում 2-5 տարեկան երեխաները։ Վարակը հիվանդ մարդուց մարդուն փոխանցվում բերանակղանքային, ինչպես նաև օդակաթիլային ճանապարհներով։ Սահակյանը տեղեկացրեց նաև, որ վիրուսն ախտահարում է նյարդերը՝ առաջացնելով հաշմանդամություն։

Սահակյանը նշեց, որ պոլիոմելիտի դեմ պատվաստումների ցուցանիշում 2018-ին նվազում է նկատվել, ինչը հեռու է ցանկալի արդյունքից։ «2018-ին 2 տարեկանների շրջանում պոլիոմոլիտի դեմ պատվաստումները 93 տոկոս են կազմել՝ 2017-ի 95 տոկոսի փոխարեն։ Ավելին, Հայաստանում կան մի շարք համայնքներ, որտեղ այդ պատվաստման ցուցանիշը 60 տոկոսի է հասնում։ Սա շատ վատ ցուցանիշ է»,–ասաց նա։

Սահակյանը տեղեկացրեց նաև, որ ընթացիկ տարվա մայիսի 20-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում 1.5-5 տարեկան երեխաների շրջանում իրականացվելու են պոլիոմելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ։ Նա հորդորեց ծնողներին, որ բոլոր այն երեխաները, որոնք թերի կամ առհասարակ չեն պատվաստվել, լրացնեն այդ բացը։


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: