01/20/2026

Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննություններ կիրականացվեն

Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննություններ կիրականացվեն

Հայաստանում այսուհետ միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննություններ կիրականացվեն: ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Դատագենետիկական  փորձաքննությունների բաժինը վերազինվել է անհրաժեշտ հզոր համակարգչով և ծրագրային ապահովմամբ, որը համարվում է ոսկյա ստանդարտ դատագենետիկական փորձաքննությունների իրականացման գործում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ ԴՆԹ-ի միջոցով անձի նույնականացման դատագենետիկական փորձաքննությունները՝ մարդու կողմից թողնված ցանկացած կենսաբանական ծագման հետքի նույնականացումն անձի հետ և արյունակցական կապի հաստատումը, ամբողջ աշխարհում ապրում են ոչ պակաս զարգացում, քան թվային տեխնոլոգիաները:

«Պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվում է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորածների, գերիների և պատանդների հայտնաբերման ծրագիր, որի շրջանակներում միջազգային Կարմիր խաչի աջակցությամբ անհայտ կորածների հարազատներից ստացվել են կենսաբանական ծագման նմուշներ: Ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների և առաջիկայում ծրագրավորված բանակցությունների համաձայն` հնարավոր կլինի այդ նմուշների գենետիկակական նույնականացումներն իրականացնել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում»,-նշեց նա:

Հաջորդ նախագիծն ըստ նախարարի,  Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում Ինտերպոլի միջազգային կազմակերպության որոնողական պահոցի ներդրումն է։ «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու արդյունքում կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու նպատակով ԴՆԹ բնութագրերը, որոնք հայտնաբերվում են դատագենետիկական փորձաքննության արդյունքում  պետք է տրամադրվեն ոստիկանությանը հատուկ կապի միջոցով, որն արդեն իսկ հաստատված է ԱՆ Դատաբժշկական կենտրոնի և ոստիկանության միջև»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: