08/05/2020

Փոխնախարար Շուշանյանը Սյունիքի մարզում մասնակցել է արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրազեկման միջոցառումներին

Փոխնախարար Շուշանյանը Սյունիքի մարզում մասնակցել է արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրազեկման միջոցառումներին

ՀՀ Սյունիքի մարզի Կապան և Ագարակ համայնքներում մայիսի 23-24-ը անցկացվել են Հայաստանի Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) առաջին ազգային զեկույցին նվիրված իրազեկման միջոցառումներ՝ հանդիպում-քննարկումների տեսքով։

Հանդիպում-քննարկումներին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը, ԱՃԹՆ քարտուղարության փորձագետ Անահիտ Առուստամյանը, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի (ԲՇԽ) ՀՀ կառավարության ներկայացուցիչ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, ԲՇԽ արդյունահանող կազմակերպություններ ներկայացնող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վարչական տնօրեն Արթուր Նիկողոսյանը և «Գեոմայնինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վահե Վարդանյանը, ԲՇԽ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող Երևանի պետական համալսարանի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ Հարություն Մովսիսյանը և «Հասարակական ձայն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Արթուր Համբարձումյանը: Հանդիպումներին մասնակցել է նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Նարինե Թադևոսյանը:

Փոխնախարար Շուշանյանը հարցուպատասխանի ժամանակ պարզաբանումներ է ներկայացրել գործընթացի, ինչպես նաև տարբեր օրենսդրական փաթեթների մասին: Նա նաև ընդգծել է, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արյունքում տարածքային կառավարման և ընդերքօգտագործման հարցերի համակարգումը նույն մարմնի կողմից իր մեջ ոլորտի առավել արդյունավետ կառավարման ներուժ կունենա:

Աշխատանքային քննարկումների ընթացքում մարզպետարանների և համայնքապետարանների, քաղաքացիական հասարակության և հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացվել է նախաձեռնությունը, ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը, զեկույցով հասանելի դարձած տվյալները, մասնավորապես՝ ընդերքօգտագործման թույլտվությունները, մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների պայմանագրերը, մետաղական հանքարդյունաբերության ոլորտից համայնքի ստացած եկամուտները, ընկերությունների՝ համայնքի առջև սոցիալական պարտավորությունները։

Խոսվել է նաև ԱՃԹՆ-ի պաշտոնական կայքի` www.eiti.am և առցանց հաշվետվությունների հարթակի` reports.eiti.am միջոցով հասանելի դարձած տվյալների, իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև ոլորտային այլ հարցերի շուրջ։

Նշենք, որ Հայաստանում իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը սկսվել է ԱՃԹՆ ներդրման շրջանակում և մինչև տարեվերջ ստեղծվելու է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների իրական սեփականատերերի հանրային ռեգիստր։

Մարզային այցելությունները կազմակերպվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն գլոբալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացմանը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Հանրային վարչարարության բարեփոխումներ Արևելյան գործընկերության երկրներում» նախաձեռնությամբ։

           

mtad.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: