01/21/2026

Աշակերտների առնվազն 30 տոկոսն անբավարար է ստանալու հայերենի քննությունից. Սերոբ Խաչատրյան

Աշակերտների առնվազն 30 տոկոսն անբավարար է ստանալու հայերենի քննությունից. Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ կենտրոնացված քննությունն աշակերտների գիտելիքի ընդհանուր պատկերը ցույց չի տալու։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի համոզմամբ` 9–րդ դասարանցիների «Հայոց լեզու» առարկայի կենտրոնացված քննությունից աշակերտների առնվազն 30 տոկոսն անբավարար է ստանալու։ Սերոբյանն այս կարծիքը հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Կենտրոնացված քննություն անցկացնելը բերեց միայն նրան, որ որոշ աշակերտներ սկսեցին դրա համար մասնավոր պարապել։ Չեմ կարծում` կենտրոնացված քննություն անցկացնելով մենք աշակերտների գիտելիքի իրական պատկերը կունենանք։ Համոզված եմ, որ մեծ թվով աշակերտներ ուղղակի անբավարար կստանան, քանի որ այնպես չէ, որ բոլորը պարապել են»,–ասաց նա։

Նրա խոսքով` կենտրոնացված քննության միջոցով աշակերտների գիտելիքի իրական պատկերը չենք տեսնի, քանի որ աշակերտների մի մասը կրկնուսույցի մոտ է պարապել։ Բացի այդ, ըստ կրթության փորձագետի, կենտրոնացված քննության ընթացքում աշակերտները կարողանում են իրար օգնել, մանավանդ եթե իրար մրցակից չեն։

«Կա նաև մեկ այլ գործոն` ուսուցիչները կարող են աչք փակել աշակերտների` իրար օգնելու վրա։ Տեսեք` մի ուսուցիչ գնում է կողքի դպրոց, իսկ կողքի դպրոցի ուսուցիչը գալիս է այդ դպրոց, ու երկուսն էլ կուզեն, որ իրենց դպրոցի աշակերտների ցուցանիշները բարձր լինեն»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 26–ին հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող 9-րդ դասարանցիները հայոց լեզու առարկայից կենտրոնացված քննություն հանձնեցին։ Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ «Հայոց լեզվի» կենտրոնացված քննության նախնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 2–ին։ Իսկ հունիսի 10–ին հայտնի կլինի քննության վերջնական պատկերը` բողոքարկման արդյունքներն ամփոփելուց հետո։


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: