01/21/2026

Հայաստանի առանձնատների քաղաք Գորիսը՝ լուսանկարներով

Բոլոր շինություններն այստեղ պարտադիր պատշգամբներ ունեն: Այդպես էին այստեղ կառուցում հին ժամանակներում և այսօր:

 Հայաստանի հարավում գտնվող Գորիսի առանձնահատկություններից մեկն է, որ այն համարվում է առանձնատների քաղաք: Դրանք տարբեր մարդկանց պատկանող, բայց նույն ոճով կառուցված տներ են:
 

Չնայած Գորիս քաղաքի կառուցապատումը սկսվել է 19 դարի 30 ականներից, համարվում է, որ այն հիմնադրվել է 1870 թվին:

 

1870-ին Գորիսը ստացավ ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլ նահանգի Զանգեզուր գավառակենտրոնի կարգավիճակ: Եվ այս կողմերի շատ մեծահարուստներ սկսեցին իրենց համար առանձնատներ կառուցել:

Այս տներն իրենց տեսքը պահպանել են մինչև մեր օրերը: Գորիսեցիներն էլ շարունակում են դրանք կոչել իրենց հին տերերի անուններով. օրինակ, Մելիք Հուսենյանի, Գալուստ Բադիրյանի, Յոլյանների…

Պատշգամբներն այդ բոլոր կառույցների համն ու հոտն են: Դրանք «պարտադիր են» նաև այսօր Գորիսում կառուցվող բոլոր շինությունների համար:

Ոմանք վերանորոգել են իրենց հին պատշգամբները՝ պահպանելով 19-րդ դարում Գորիսում տարածված զանգեզուրյան փայտաճաղավանդակների դեկորները:

Կան և դեպի բակ նայող պատշգամբներ: Համայնքային իշխանությունները պնդում են, որ բոլոր պատշգամներն իրենց մշտական ուշադրության կենտրոնում են և պահպանվելու են ամեն գնով:

Ճարտարապետ, Գորիսի համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանի խոսքով, պլանավորվում է առաջիկայում վերակառուցել քաղաքի պատմական կենտրոնը՝ պատշգամբներով, առանձնատների ճակատային մասերով, մայթերով, ամենակարևորը՝ ամբողջովին պահպանելով քաղաքի նախնական տեսքը: Լավ օրինակ Երևանի համար՝ ուր առանց վարանելու քանդում են բոլոր հին կառույցները:

 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: