01/21/2026

Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված գործով ձերբակալվել է երկու անձ. ՔԿ

Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված գործով ձերբակալվել է երկու անձ. ՔԿ

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ, «Ազատության»-ը տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ, վերջիններս ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակն օրերս հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 3։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ արձակել:

Երեկ Հայաստանի ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ միջադեպի առնչությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում: Ոստիկանությունը շեշտել էր, որ նախքան Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը ոստիկանությունն արդեն օպերատիվ տվյալներ ուներ, և պետի հանձնարարությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Երեկ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է՝ շեշտելով, որ միջադեպի պատճառը ֆինանսական հարցերն են եղել։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: