01/21/2026

ԱԺ-ն քննարկում է վիճակախաղերի կազմակերպումը միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում և Մեղրիում թույլատրելու նախագիծը

ԱԺ-ն քննարկում է վիճակախաղերի կազմակերպումը միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում և Մեղրիում թույլատրելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովը քննարկում է վիճակախաղերի կազմակերպումը` բեթշոփերի գործունեությունը սահմանափակելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրանով նախատեսվում է բեթշոփերի գործունեությունը թույլատրել միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակներ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նախագիծը նպատակ է հետապնդում սահմանափակել քաղաքացիների` վիճակախաղերով տարվելու հնարավորությունը: Նախագծով սահմանվում է, որ անմիջականորեն խաղասրահի միջոցով կամ կատալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում : Ներկայում ինտերնետ տոտալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղերի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում,  դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում, որը վիճակախաղերով հրապուրելու վտանգ է ստեղծում»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ համայնքներն ընտրվել են զբոսաշրջության և հանգստի անցկացման ուղղվածություն ունենալու սկզբունքով, իսկ Մեղրիի դեպքում սահմանամերձ համայնք համարվելու չափորոշիչով:

Նախագծով նախատեսվում են նաև տարիքային սահմանափակումներ, ինչպես նաև կանխիկ գործարքի հնարավորություն գրեթե չի տրվում:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ Կառավարության կողմից նախագիծը ստացել է դրական եզրակացություն և բյուջեի վնասն աննշան է լինելու: Հանձնաժողովի անդամների կողմից եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են։ Օրենքն ուժի մեջ է կմտնի 2020-ի նոյեմբերից: Բայց դա չի վերաբերվելու խաղադրույք կատարելու ավտոմատացված  սարքավորումներին, որոնք տեղադրված են գազալցակայաններում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: