01/21/2026

Հրաժեշտ սիրելի կրթօջախին

Հրաժեշտ սիրելի կրթօջախին

Ավարտվող ուստարում Կապանի արվեստի քոլեջին  հրաժեշտ տվեց 17 շրջանավարտ (երկուսը՝ «Փողային գործիքներ» մասնագիտացման, հինգը՝ պարարվեստի, տասը՝ դիզայնի): Կրթօջախի Վ. Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ շրջանավարտների ավարտական հանդեսը: Ավարտական կուրսի ղեկավար, քոլեջի դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն Մոնիկա Թեւանյանը ջանացել էր, որ հանդեսը տոնի վերածվի, ինչը մեծապես ստացվեց: Հանդիսության կազմակերպիչը մաղթանքի եւ հուսո խոսքեր հղեց շրջանավարտներին. «Հավատը, որով դուք մուտք եք գործում կյանքի նոր փուլ, թող երբեք չլքի ձեզ: Եվ ինչքան էլ դժվարությունների հանդիպեք, երբեք չհուսահատվեք»:

Հրապարակվեց ՀՀ  կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը՝ շրջանավարտներին եւ դասախոսներին հիշարժան օրվա առթիվ: Այնուհետեւ օրվա հերոսները վալսի հնչյունների ներքո բեմ մտան: Նրանք նաեւ հանդես եկան հումորով լեցուն բեմականացմամբ՝ «Հանդիպում հիսուն տարի անց»: Շնորհավորանքներ եւ բարի մաղթանքներ հնչեցին նաեւ էկրանից: Սիրելի դասախոսների նմանակումները աշխուժություն հաղորդեցին դահլիճին: Ողջերթի խոսքով հանդես եկան Կապանի համայնքապետի տեղակալ Դավիթ Հայրապետյանն ու քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանը: Անկեղծություն ու անմիջականություն կար շրջանավարտների՝ իրենց դասախոսներին ուղղված երախտագիտության խոսքում: Անակնկալ էին պատրաստել քոլեջի դասախոսները, ովքեր հանդես եկան տարբեր ոճերի պարերով՝ հրճվանքի պահեր պարգեւելով հանդիսականին:

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: