01/21/2026

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է լքված պոչամբարների և թափոնակույտերի գույքագրում

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է լքված պոչամբարների և թափոնակույտերի գույքագրում

Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած 44 լքված/տիրազուրկ տարածքի և 5 փակված պոչամբար տեղեկատվական բազա:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ 2018 թ-ին Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ իրականացվել է լքված պոչամբարների և թափոնակույտերի գույքագրում:

«Գույքագրումը հիմք հանդիսացավ, որպեսզի մենք ևս մեկ դրամաշնորհային ծրագրի համար դիմենք ԵՄ-ին: Կառույցի հետ նախնական համաձայնության շրջանակներում տրամադրվելու է 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Սևանա լճի ավազանում ֆիզիկական ռեկուլտիվացման (աշխատանքների ամբողջություն, որն իրականացվում է խախտված տարածքների վերականգնման և հողային տարածքների՝ անվնաս վիճակի բերման նպատակով, - խմբ.) աշխատանքների իրականացման համար»,- շեշտեց նախարարը:

Գրիգորյանն ընդգծեց, որ ֆիզիկական ռեկուլտիվացիա իրականացնելուն զուգահեռ մշակվում է նաև կենսաբանական ռեկուլտիվացիայի կարգը:

«Մշակվում է նաև ռեկուլտիվացիոն գումարների հաշվարկման կարգի փոփոխությունը: Նախկինում պոչամբարների համար կանխավճար է տրվել, ինչը չի արտացոլել այն գումարային ծավալները, որի կարիքը եղել է: Այս առումով շատ մեծ աշխատանք է արվել»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով գործող կազմակերպությունների պոչամբարներին՝ նա նշեց, որ ոլորտում կարգավորումներ են իրականացվելու: Գրիգորյանը շեշտեց, որ ռեկուլտիվացման խնդիրը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում է:

armenpress.am

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: