01/21/2026

Ոչխար խուզելու փառատոնն այս տարի տեղի կունենա հինգերորդ անգամ

Ոչխար խուզելու փառատոնն այս տարի տեղի կունենա հինգերորդ անգամ

Այս տարի ոչխար խուզելու անսովոր փառատոնը սովորականից ավելի մասշտաբային և վառ կլինի։ Հայաստանի հյուրերին և բնակիչներին իսկական տոն և վարպետության դաս է սպասվում Նոր Զելանդիայից ժամանած պրոֆեսիոնալ խուզողից։

Այդ մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ի ներկայացուցիչ Արամ Առաքելյանը։

Հինգերորդ փառատոնը տեղի կունենա հունիսի 8–ին Սյունիքի մարզում։ Միջոցառման նպատակն է ծանոթացնել հյուրերին Վայոց Ձորի և Սյունիքի ավանդույթներին և մշակույթին, տեղի արտադրանքին, ինչպես նաև նպաստել մարզում զբոսաշրջության զարգացմանը։

«Մեկ ամիս առաջ սկսում ենք պատրաստվել փառատոնին։ Աշխատում ենք համայնքների, արտադրողների, տեղի ձեռնարկությունների հետ, ընտրում ենք խուզողներին», – ասաց Առաքելյանը։

Այս տարի ընդլայնվել է նաև փառատոնի մասնակիցների աշխարհագրությունը. խուզողներ կգան Շիրակից, Գեղարքունիքից, Տավուշից։

16 մասնակիցներ կմրցեն ոչխար խուզելու արագության և ճարպկության մեջ։

«Մենք կարող ենք համարձակորեն ասել, որ փառատոնն ավանդական է դարձել։ Եթե նախկինում մարդիկ զարմանում էին` լսելով փառատոնի մասին, ապա հիմա հասկանում են, թե այն իրենից ինչ է ներկայացնում», – Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ներկայացուցիչ Աննա Պողոսյանը։

Նա հաղորդել է, որ միջոցառման մասնակիցներին կապահովեն հատուկ համազգեստով, կազմակերպիչները նրանցից յուրաքանչյուրի մասին նախօրոք կներայացնեն հոլովակներ։ Փառատոնը նպատակ ունի նաև հանրահռչակել Սյունիքի մարզը։

Անցած տարի փառատոն է այցելել մոտ երեք հազար մարդ, որոնց շարքում եղել են հյուրեր աշխարհի  տարբեր երկրների, զբոսաշրջային խմբեր Երևանից։

Հովիկ Ավագյանը, որը 2016թ–ից ժյուրիի մշտական անդամ է, նշում է, որ փառատոնն ամենից առաջ մտածված է որպես տոն գյուղացիների համար։ Անցած տարի Սյունիքից մի երիտասարդ տղա ռեկորդ է սահմանել. 2,5 րոպեում ոչխար է խուզել և ոչ մի քերծվածք չի արել։ Ավագյանի խոսքով` դա սենսացիա էր։

«Ոչխարն արագ խուզելը քիչ է, կարևոր է բրդի ամբողջականությունը պահպանելը և կենդանուն չվնասելը», – ասաց Ավագյանը։

Ոչխար խուզելու առաջին փառատոնը տեղի է ունեցել 2014թ–ին։

armeniasputnik.am



ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: