01/21/2026

Գորայք խոշորացված համայնքում ընտրության արդյունքները հավանաբար կվիճարկվեն

Գորայք խոշորացված համայնքում ընտրության արդյունքները հավանաբար կվիճարկվեն

Հունիսի 9-ին Սիսիանի տարածաշրջանի Գորայք խոշորացված համայնքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Գյուղական չորս բնկավայր (Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Գորայք) ընդգրկող համայնքի 1408 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1071 հոգի:

Համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող երեք թեկնածուից առավել շատ քվեներ է ստացել Աշոտ Աղաջանյանը (531 ձայն), ապա՝ Արտյոմ Գրիգորյանը (515 ձայն): Մանուչար Մկրտչյանն էլ ստացել է 13 ընտրողի վստահությունը։

Ովքե՞ր էին համայնքապետի պաշտոնի հավակնորդները:

Պաշտոնապես բոլորն էլ անկուսակցական են, բայց…

Ըստ համայնքում շրջանառվող խոսակցությունների՝ Արտյոմ Գրիգորյանը, ով համայնքապետի նախկին տեղակալն է ու նախկին ՀՀԿ-ական, հանրապետությունում իշխող քաղաքական ուժի թեկնածուն է:

Հաղթանակած թեկնածուի՝ Աշոտ Աղաջանյանի քաղաքական պատկանելության մասին նույնպես իրարամերժ ասեկոսեներ են շրջանառվում, մեկ ԲՀԿ-ի հովանավորյալն է, մեկ՝ «Սասնա ծռերի» հովանավորյալը, թեեւ ինքը հերքեց այդ խոսակցությունները:

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը, սակայն, տարակուսանք է հայտնում Ծղուկի ընտրական տեղամասում կատարված ինչ-որ երեւույթների օրինականության առիթով:

Ըստ Սլավիկ Դադաշյանի՝ այնտեղ տեղամասային հանձնաժողովի անդամներից մեկը քվեաթերթիկների վրա իր կնիքն է դրել, որն իրավական տեսակետից գնահատելու խնդիր է առաջ բերել: Հարցը հետեւյալն է՝ հանձնաժողովի անդամը թյուրիմացաբա՞ր է անձնական կնիքը դրել քվեաթերթիկների վրա, թե՞ գիտակցաբար ու միտումնավոր:

Ընդ որում՝ դա այն հարցն է, որի պատասխանը կարող է ընտրության արդյունքները չեղարկելու կամ վերանայելու խնդիր առաջ բերի Գորայք համայնքում:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: