01/21/2026

Բարեգործական համերգ եւ վարպետության դասեր

Բարեգործական համերգ եւ վարպետության դասեր

Այս օրերին ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունին բարեգործական համերգներով հանդես է գալիս մայր հայրենիքում եւ Արցախում,  ինչպես նաեւ վարպետության դասեր անցկացնում սկսնակ երաժիշտների եւ մանկավարժների համար:  Հունիսի 7-ին Կապանի արվեստի պետական քոլեջում յուրօրինակ համերգ էր կազմակերպվել: Դաշնակահարը հնչեցրեց հայ եւ արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, հընթացս հուշեր ներկայացրեց Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, մյուս մեծերի հետ հանդիպումներից: Տարբեր երաժշտական գործիքներով հանդես եկան Կապանի արվեստի պետական քոլեջի, Կապանի երաժշտական դպրոցների, արվեստի մանկական դպրոցի  սաները: Հնչեցին Կոմիտասի, Շուբերտի, Մենդելսոնի, Վեսնյակի, Խաչատուր Ավետիսյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, պատանի երաժիշտներին նվագակցողի դերում հանդես էր գալիս Շահան Արծրունին:

«Կապանում շատ շնորհալի չոջուխներ կան, իրապես քաջալերիչ է, որ բոլորն էլ ապագա կխոստանան, եւ հուսանք, որ շատ լավ ուսուցիչներ ալ ունին հոս եւ հույս ունիմ, որ մեր մշակույթը ժառանգորդներ ունի: Ասիկա պարզապես առիթ մըն էր, որ իրենք ալ գիտնան, թե իրենցմով հետաքրքրվողներ կան, պարզապես սա ուժերի միացում էր փոքրիկներու եւ մեծերու»,-համերգի ավարտին «Սյունյաց երկրին» փոխանցեց Շահան Արծրունին:

Հաջորդ օրը դաշնակահարը վարպետության դասեր  անցկացրեց Կապանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում:

Անվանի դաշնակահարի երաժշտական հանդիպումների շարքը կավարտվի  մայրաքաղաքում, գալա համերգով, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ երիտասարդ կատարողների մասնակցությամբ:

Վահրամ Օրբելյան 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: