01/21/2026

Թող Ն. Փաշինյանն ու Բ. Սահակյանը հեռախոսով վիճեն, ինչքան ուզում են, բայց խնդիրները չհանեն հանրային մակարդակ, ընդհանուր եզրեր գտնեն. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Թող Ն. Փաշինյանն ու Բ. Սահակյանը հեռախոսով վիճեն, ինչքան ուզում են, բայց խնդիրները չհանեն հանրային մակարդակ, ընդհանուր եզրեր գտնեն. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Ես իսկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի վիճաբանության մեջ խնդիր եմ տեսնում: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ խոսելով Հայաստան-Արցախ հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ:

«Ինչո՞ւ-ն բազմաթիվ է՝ սկսած տարիքային խնդիրներից: Նույնիսկ ծնողների և զավակների միջև խնդիրներ կան, հայրերի և որդիների միջև խնդիրներ կան, սերունդների խնդիր կա,- ասաց նա՝ նշելով, որ այդ առումով էլ Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի միջև խնդիրները մարդկային են,-ընդհանուր ընկերներ կան, անցած ճանապարհ կա: Այդ անցած ճանապարհում ճիշտ և սխալ արված քայլեր կան:  Նոր եկած իշխանությունը նոր է քայլեր անում և սխալներ չունի: Տա Աստված, որ սխալ չունենա: Բայց դա շատ բարդ է»:

Ըստ Արամ Սարգսյանի՝ ղարաբաղյան իշխանությունները երկար ճանապարհ են անցել, անցել են բազմաթիվ փորձությունների միջով, և այդ առումով սխալներ արած կլինեն:

«Ու պետք չէ դրանք երես տալով խնդիրներ լուծել: Պետք չէ տարիքային բաժանում անել,  Հայաստան-Ղարաբաղ բաժանում անել, հեղափոխություն և Արցախյան հերոսամարտ բաժանումներ անել»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հակադրությունները օգտակար չեն մեզ համար:

Արամ Սարգսյանը նկատեց, որ Բակո Սահակյանի թիմակիցները համարում են, որ Նիկոլ Փաշինյանն անփորձ է, և դա ցուցադրում են: «Բակո Սահակյանը պետք է թիմում այնպիսի մթնոլորտ ստեղծի, որ այդ խնդիրներն ընդհանրապես թիմը չտեսնի: Հավատացեք, նախկինում էլ է եղել Հայաստանի և Ղարաբաղի մոտեցումների տարբերություն: Այդ մոտեցումները բուռն վեճերի առիթ են դարձել, բայց հանրային դաշտ չեն տեղափոխվել: Հավատացեք, որ «դավադրություն», «հողեր ծախել»,  «իշխանափոխություն» բառերը ադրբեջաներեն թարգմանվում են:

Դուք պատկերացրեք, որ ինչ հրճվանք է ունենում Ադրբեջանի նախագահ Ալիևը, երբ այստեղի իշխանությունները ասում են, որ պետք է տեսնեն, թե ինչերի շուրջ են բանակցել նախորդ իշխանությունները և ինչեր են խոստացել: Ադրբեջանի նախագահը կարող է ասել, թե տեսեք՝ ինչ բանակցող եմ ես եղել, ուր եմ հասել և ինչեր եմ պոկել Հայաստանից: Իսկ  գիտեք, թե դա ինչ դուխ կամ դուխով գլխարկ է տալիս Ադրբեջանի զինվորականներին»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հարցում ինքը շարունակելու է այսօրվա իշխանություններին քննադատել:

Նիկոլ Փաշինյանը, ըստ նրա, կարող էր գնալ Ղարաբաղ կամ Բակո Սահակյանին կանչեր Հայաստան, այստեղ վիճեին, ինչքան ուզում էին: «Թող հեռախոսով վիճեն, ինչքան ուզում են, բայց այդ խնդիրները չհանեն հանրային մակարդակ: Նստեն, ընդհանուր եզրեր գտնեն»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: