01/21/2026

Կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին

Կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի և ԱՀ գողների միության համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 14-ին, բուհում կայացել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը: Նա, ողջունելով ներկաներին, նշել է,  որ իրենք հավաքվել են իրենց  երախտագիտության տուրքը մատուցելու հայ գրականության ամենավառ ներկայացուցիչներից մեկին՝ Ակսել Բակունցին:
 
 
«Բակունցը հայ արձակի ամենաինքնատիպ երևույթներից մեկն է, ով իր ձեռագրով  ու  մտածողությամբ ստեղծեց մի նոր աշխարհ: Նա  թողել է սնուցող, հողեղեն ժառանգություն, որից սնվել ու դաստիարակվել են սերունդներ: Հայ գրականությունն առանց Բակունցի շատ աղքատ կլիներ: Նա կարողացավ բնության մեջ խոսեցնել մարդուն և նրան տանել դեպի բնություն: Գրողի նորույթն ու անմահությունը նրա ստեղծած իրականության մեջ է: Բակունցի մահը եղավ շատ դաժան: Նրան սպանեցին՝ թաղելով իր իսկ ձեռքով փորած փոսի մեջ»,-մասնավորապես ասել է նա:
 
 
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու,դոցենտ Ամալյա Գրիգորյանն էլ իր ելույթում նշել է, որ չնայած Ակսել Բակունցն  ունեցավ մեկ  տասնամյակի գրական կյանք, սակայն իր գունեղ արվեստով խոր հետք թողեց հայ արձակի զարգացման մեջ:
«Բակունցի նկատմամբ գրական հակառակորդների կողմից ծայր էին առել  բամբասանքն ու բանսարկությունը: Գրողի  հասցեին քաղաքական ծանրագույն մեղադրանքներ էին բարդվել:Նրան  ձերբակալել են՝ եղերական մահով զրկելով  կյանքից: Ակսել Բակունցը, լիովին նվիրված լինելով գրականությանը, պատկերել է իր վերածնված ժողովրդի դաժան անցյալն ու պայծառ ներկան: Գրողի աշխատություններին փառավոր կյանք ու ապագա է վիճակված»,-մասնավորապես ասել է նա:
 
 
Հուշ-ցերեկույթին ներկա բանաստեղծ Ռոբերտ Եսայանն էլ իր խոսքում մասնավորապես ասել է, որ Բակունցի ստեղծագործություններն ալպիական ներդաշնակություն ու նոր լիցք են հաղորդում ժողովրդի ապրելակերպին ու ներաշխարհին:
Ելույթներով հանդես են եկել նաև ԱՀ գրողների միության անդամներ, բուհի դասախոսներ:
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: