01/21/2026

Արգենտինայի ձեռնարկատեր կանայք ցանկանում են համագործակցության կամուրջ ստեղծել Հայաստանի հետ. նրանց ընդունեց նախագահի տիկինը

Արգենտինայի ձեռնարկատեր կանայք ցանկանում են համագործակցության կամուրջ ստեղծել Հայաստանի հետ. նրանց ընդունեց նախագահի տիկինը

Արգենտինայի ձեռնարկատեր կանանց «Pollera Pantalon» նախաձեռնության անդամները հունիսի 15-21-ը ճանաչողական այցով ժամանել են Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցի շրջանակում հունիսի 17-ին նրանք հանդիպեցին Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հետ:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Հանդիպման սկզբում ներկա էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով արգենտինացի կանանց ներկայացրեց Հայաստանի պատմության տարբեր ժամանակներում կնոջ դերակատարումը:

Նունե Սարգսյանի հետ կանայք քննարկեցին կանանց առաջնորդության հարցը ողջ աշխարհում:

«Կարծում եմ, որ սա շատ կարևոր հանդիպում էր՝ կամուրջներ կառուցելու համար, ինչպես նաև Հայաստանի և հատկապես հայ կանանց համար: Այստեղ ներկա էին տարբեր ոլորտներ ներկայացնող կանայք՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ: Ինձ համար շատ հետաքրքիր էր ագարակատեր կինը, որ գազար է աճեցնում, քանի որ մենք էլ այդ բանջարեղենի լավ հումք ունենք մեր գյուղերից մեկում»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հայ կանանց պետք է ավելի քաջալերել, որպեսզի իրենց գործարար միտքն ավելի զարգացնեն և որևէ բիզնես սկսեն:  

Արգենտինայից Հայաստան է եկել 13 ձեռնարկատեր կին:

Մասնագիտությամբ փաստաբան Ֆաբիանա Ռիկանյոն, ով զբաղվում է տարբեր երկրներում կանանց գործունեության ամրապնդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Էռնեկյանների ընտանիքն է նախաձեռնել այս այցելությունը:

«Մենք առաջինն այցելել ենք Լոնդոն, հետո Էռնեկյանները կազմակերպեցին մեր այցը Հայաստան: Մեր նախաձեռնության համար ինքնանպատակ չեն տարբեր երկրներ այցելությունները: Դիտարկում ենք, թե որ երկրներում տնտեսության զարգացման ինչ միտումներ կան, ինչից հետո ծրագիր է կազմվում և նոր այցելում ենք տվյալ երկիր»,- շեշտեց Ֆաբիանա Ռիկանյոն:

Մասնագիտությամբ հոգեբան Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը, ով «Կարաս» ապրանքանիշով հանդես եկող «Տիեռաս դե Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենն է՝ իր հերթին ընդգծեց, որ որպես հայ իր գործունեության միջոցով փորձում է երկու երկրների մշակույթն իրար միացնել:

«Մենք նպատակ ունենք նպաստել և՛ Հայաստանի, և՛ Արգենտինայի կանանց ավելի հզորացմանը, ինչպես նաև աշխատանքային պայմաններ ստեղծել նրանց համար»,- եզրափակեց Խուլիանան:

«Pollera Pantalon» նախաձեռնության անդամները հունիսի 16-ին եղել են Էջմիածնում և հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ: Հունիսի 17-ին, բացի Նունե Սարգսյանի հետ հանդիպումից, լինելու են նաև Գառնիում, տեսնելու են հայկական պատմամշակութային մի քանի կառույցներ: Հունիսի 18-ին հանդիպում են ունենալու ՀՀ Ազգային Ժողովում:

armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: