01/11/2025

Գորայք համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները բողոքարկվել են

Գորայք համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները բողոքարկվել են

Ինչպես արդեն հաղորդել ենք, 2019թ. հունիսի 9-ին տեղի է ունեցել Սիսիանի տարածաշրջանի Գորայք խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող երեք թեկնածուից առավել շատ քվե է ստացել  Աշոտ Աղաջանյանը (531 ձայն), ապա՝ Արտյոմ Գրիգորյանը` (515 ձայն): 

Քվեարկության արդյունքներն ի սկզբանե տարակուսանքի տեղիք են տվել: 

Այդ առիթով քվեարկության հաջորդ օրը «Սյունյաց երկրին» թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը մասնավորապես հայտնել է. «Տարակուսանքի տեղիք  է տալիս Ծղուկի ընտրական տեղամասում կատարված ինչ-որ երեւույթների օրինականությունը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը քվեաթերթիկների վրա իր կնիքն է դրել, որն իրավական տեսակետից գնահատելու խնդիր է առաջ բերել: Հարցը հետեւյալն է՝ հանձնաժողովի անդամը թյուրիմացաբա՞ր է անձնական կնիքը դրել քվեաթերթիկների վրա, թե՞ գիտակցաբար ու միտումնավոր»:

Գրեթե նույն կարծիքը հայտնեց համայնքի ղեկավարի թեկնածուներից Արտյոմ Գրիգորյանը: 

Ըստ Արտյոմ Գրիգորյանի՝ քվեարկությունից մեկ օր առաջ համայնքում տեղի է ունեցել ուժերի վերադասավորում: Համայնքապետի երրորդ թեկնածուն՝ Մանուչար Մկրտչյանը, չհանելով իր թեկնածությունը եւ մնալով քվեաթերթիկի մեջ, իր համակիրներին դեպի Աշոտ Աղաջանյան ուղղորդելու քայլեր է ձեռնարկել, թեեւ այդ օրը նախընտրական քարոզն արգելված էր (լռության օր էր):  

Եվ թեկնածու Արտյոմ Գրիգորյանը սահմանված ժամկետում դիմել է թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովին՝ չեղարկելու Ծղուկի տեղամասի քվեարկության արդյունքները: Ըստ Արտյոմ Գրիգորյանի՝ Ծղուկում տեղի ունեցածն էական անդրադարձ է ունեցել քվեարկության վերջնական արդյունքների վրա:  

Սակայն հանձնաժողովը, այդ բոլորով հանդերձ, մերժել է Արտյոմ Գրիգորյանի դիմումը եւ փաստորեն ճանաչել Աշոտ Աղաջանյանի հաղթանակը:

Այդ ամենից հետո, ինչպես քիչ առաջ «Սյունյաց երկրին» տեղեկացրեց Արտյոմ Գրիգորյանը, ինքը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ չեղարկելու Ծղուկի տեղամասի քվեարկության արդյունքները: 

Արդեն առիթ ենք ունեցել ասելու, որ համայնքի ղեկավարի թեկնածուներ Աշոտ Աղաջանյանը եւ Արտյոմ Գրիգորյանը կուսակցական պատկանելություն չեն ունեցել, թեեւ համայնքում շրջանառվում է կարծիքը, թե Արտյոմ Գրիգորյանն իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլի» հովանավորյալն է, իսկ Աշոտ Աղաջանյանը՝ ԲՀԿ հովանավորյալը: 

Թե ինչ որոշում կընդունի Վարչական դատարանը, ժամանակը ցույց կտա. նկատի ունենանք, որ Վարչական դատարանի որոշումը կլինի վերջնական եւ բողոքարկման ոչ ենթակա:

Այդ ամենից հետո Գորայք համայնքում ավելի շատ է քննարկվում հարցը, թե ինչո՞ւ եւ ի՞նչի  համար ամիսներ առաջ պաշտոնանկ արվեց (ինչ-որ ցույց-խաղերի արդյունքում) Սյունիքի մարզի լավագույն համայնքապետերից մեկը՝ Առուստամ Առուստամյանը:

Լուսանկարում՝ Արտյոմ Գրիգորյանը

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: