01/22/2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Սփիրի՝ Հայաստանին հավելյալ 40 մլն դոլար օգնություն տրամադրելու առաջարկը (տեսանյութ)

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Սփիրի՝ Հայաստանին հավելյալ 40 մլն դոլար օգնություն տրամադրելու առաջարկը (տեսանյութ)

Tert.am-ը գրում է.  ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Դեմոկրատական կուսակցության՝ հայկական արմատներով անդամ, Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը հզոր աջակցություն է ստացել թե՛ Դեմոկրատական, թե՛ Հանրապետական կուսակցությունների անդամների կողմից Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափն ավելացնելու հարցով իր առաջարկի վերաբերյալ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների համոզիչ 268 կողմ, 152 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Սփիրի՝ 2020 ֆինանսական տարվա բյուջեի շրջանակում Հայաստանին հավելյալ 40 մլն դոլար հատկացնելու առաջարկը:

Գումարն ուղղվելու է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը: Նշվում է, որ այս հարցում Սփիրին աջակցել են Ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան անդամներ Ադամ Շիֆն ու Ֆրենք Փալոունը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել Սփիրին և կողմ քվեարկած բոլոր օրենսդիրներին:

Մինչդեռ կոնգրեսական Սփիրն իր խոսքում նշել է, որ կայացած քվեարկությունը հայերին ուղղված հզոր ազդակ է առ այն, որ Միացյալ Նահանգները ճանաչում է նրանց արձանագրած ժողովրդավարական առաջընթացը, աջակցում է ավելի հաշվետու կառավարություն ստեղծելու ձգտմանը և կշարունակի աշխատել նրանց հետ ճկուն, արձագանքող ինստիտուտներ կառուցելու համար:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: